Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորին վշտով հայտարարում է, թե ինքը համոզված է, որ այդպիսի չնչին արարածներն էլ ունեն տիտղոսներ և շքանշաններ, նրանք որջեր և բներ են կառուցում և անվանում են տներ, նրանք էլ են կռվում, բանավեճեր մղում, խարդախություններ անում և իրար դավաճանում։ Այս դառն խորհրդածությունների մեջ լսվում է Սվիֆտի իմաստուն սկեպտիցիզմը և արգահատանքն իր ժամանակակից հասարակության հանդեպ։

Գլխավորը այն դիրքն է, որից պետք է դիտել մարդկային հասարակությունը։ Այն, ինչ թզուկները կարող են համարել վիթխարի մեծություն, որ ներշնչում է միայն երկյուղ, հսկաների համար ուրախ զվարճալիք է։ Բայց, միաժամանակ, երկու դեպքում էլ թագավորը հեղինակություն է, երկրի բարձր իշխանությունը, բարոյական նորմեր կան, որ պարտադիր են բոլոր հպատակների համար։ Սակայն, Սվիֆտը չի բավականանում արձանագրելով, որ ամեն ինչ հարաբերական է և հոսուն վիճակում՝ նայած թե ո՞ր դիրքից է ինքը նայում: Նա գիտակցաբար խառնում է նույնիսկ իր դիտողությունները, ավելի է խորացնում իր քննությունը՝ վերջնական լուծում տալու իր հիմնական խնդրին, թե ինչո՞ւ ստորաքարշությունը նպաստում է բարձր դիրք գրավելու, ինչո՞ւ կեղծիքն անխուսափելի է մարդկային հարաբերությունների մեջ, և ո՞ւր է գնում մարդկությունն իր բոլոր արատներով, արդյոք երբևիցե նա պիտի ազատագրվի՞ այդ բոլորից, թե հավիտյան պիտի լինեն պատերազմներ, անիմաստ բանավեճեր, բանսարկություններ, ցեխի մեջ թաղված գեղեցկություն և մեծարված այլանդակություն, ծակ փիլիսոփաներ, իշխաններ և հպատակներ, ստախոսություն, անառակություն, մահվան երկյուղ և գազանային ագահություն դեպի ոսկին, հարստությունը և այլն։

Սվիֆտն այս հարցերին պատասխանում է դառն հուսալքությամբ: Մարդկության պայծառ ապագային նա չի հավատում։ Նրա կարծիքով այդ ամենագարշելի արարածն է բնության մեջ, որ միայն աղտոտում է երկիրը: Եվ այս տեսակետից ավելորդ է պայքարը մարդկային հասարակության մեջ, որովհետև միևնույն է՝ բոլոր կարգերն իրենց հետ բերում են ստորաքարշություն, կեղծիք, խաբեբայություն, շահասիրություն, քսություն և մատնություն։