Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՓՈՔՐԻԿ ՖԵԼԻԵՏՈՆ

ՄԱԹՎԵՅ ՄԱԹՎԵԻՉԸ

(Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)

Վա՛հ... Մի՞թե չեք ճանաչում Մաթվեյ Մաթվեիչին. մի՞թե կարելի է չճանաչել նրան... Դիցուք, կարելի է չճանաչել մի Վիլհելմի, մի Հինդենբուրգի[1]... բայց չճանաչել Մաթվեյ Մաթվեիչին, առնվազն հանցանք է։

Թվենք նրա պաշտոնները, որ հասարակությունը ճանաչի յուր «անհայտությամբ հայտնի» մարդուն։

Նա Գորիս քաղաք կոչվածի քաղաքագլուխն է, նախագահ քաղաքային ինքնավարության, նախկին նախագահ տեղական ճյուղի, նախագահ ազգային բյուրոյի տեղական ճյուղի, նախագահ և... կանանց ընկերության։

Զարմացաք, չէ՞... Ո՞նց թե տղամարդը նախագահ կանանց ընկերության։ Ես էլ եմ զարմանում, ուր մնաց դուք։

Բայց Գորիսում ի՞նչ ասես, որ չի լինում։

Սակայն այդ էլ գալիս է ցույց տալու, թե նա որքան է տարված հասարակական գործերով, որքան է մտածում ազգի, հայության և բուլվարի մասին։

Վերջերս էլ, երբ տեղումս կազմվեց աշակերտական մի խմբակցություն, Մաթվեյ Մաթվեիչը առաջարկեց յուր թեկնածությունը` նախագահ լինելու համար։ Չէ՞ որ իրավունք ուներ... Չէ՞ որ Գորիսում նա նախագահությունը կապալով է վերցրել։

Բայց աշակերտները վախեցան նրա ակնոցներից և «հուժկու» ձայնից, որ այնքան ծանոթ է գորիսցիներին՝ «Փոշտի Անտոնից» մինչև Աբրասը...

  1. 1