Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշելու ստորերկրյա ջրերի բարձրությունը կամ որոշելու, թե ինչպիսի «բույսեր են բուծվում»։

Պտղաբուծության և այգեգործության հատկացված է 42 հարց, բոլոր հարցերի մի քառորդից ավելին. իսկ անասնապահության՝ միայն 13 հարց։ Եվ իզուր կլինի գյուղատնտեսական հետազոտության այդ բլանկներից որոշ պատկեր կազմել, թե մեր անասուններն ինչքա՞ն են կերով ապահովված, որքա՞ն է օգտակար ձին կամ եզը։ Այնինչ, հետազոտող գյուղատնտեսը պիտի նկարագրի անասնախտերի երևալու ժամանակն ու նշանները։ Ինչո՞ւ համար է 103-րդ հարցն այն մասին, թե «քանի՞ գլուխ մանր անասունն է հավասար մեկ խոշոր գլխի (արոտատեղիներում արածող)»։

Ի՞նչպես է կատարվում «արոտավայրերի ընդարձակումն անասունների նվազման կամ այլ պատճառների հետևանքով» (հարց 105), դժվար է հասկանալ։ Եթե անասունները նվազում են, ընդարձակվող արոտավայրերն ո՞ւմ համար են։ «Չի նկատվում արդյո՞ք թռչունների բազմացում և ի՞նչպիսի» (հարց 118), որի՞ն է վերաբերում «ինչպիսին», թռչունների՞ն, թե՞ նրանց բազմացման։

Ծխախոտագործության վերաբերյալ շատ հարցեր կան, իսկ հատուկ բաժին չկա մեր յուղաբեր բույսերի համար։ Եթե փորձեք գյուղատնտեսական հետազոտության բլանկից իմանալու, թե ի՞նչ արդյունք է տալիս մեզանում խոտաբուծությունը, կամ յուղագործարաններն ո՞ւմ ձեռքին են, ի՞նչ կոլեկտիվներ կան, ի՞նչ է նստում մի դեսյատին վարը, եթե փորձեք ստանալու նման տեղեկություններ, բլանկը պիտի ծալեք և դեն դնեք, որովհետև գյուղատնտեսական հետազոտման բլանկն այդ բոլորի մոտից լռելյայն է անցնում։

Պետք էր շատ ավելի խնամքով կազմել՝ տեղին հարմար, մանրամասն։ Հարկ չկար շտապելու։

ՏԵՂ ԳՅՈԻՂԻ ՎԱՐՁԱԿԵՏԸ

Զանգեզուրում Տեղ գյուղն աչքի է ընկնում դաշտային մշակույթների (հացաբույսերի) գերակշռությամբ՝ գյուղատնտեսական մյուս ճյուղերի հանդեպ։ Գյուղն ունի երեք հազարի չափ հարթ և պարարտ հողեր։