Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25-26 թ. աշխատանքների համար անցյալ տարվա համեմատությամբ 3 անգամ ավելի գումար է հատկացված։ Այդ հանգամանքը խոշոր գրավական է, որ 27 թ. գյուղատնտեսական աշխատանքները Զանգեզուրում է՛լ ավելի կուժեղանան, և գյուղացու տնտեսությունն արագ և ռացիոնալ հիմքերով կզարգանա։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր գավառի երեք շրջաններն էլ այժմ ունեն գյուղատնտեսներ, իսկ պատերազմից առաջ ամբողջ գավառում կար մի գյուղատնտես:

Ձմեռվա ընթացքում կազմած ծրագրի համաձայն գյուղատնտեսները շրջելու են գյուղերը, կազմակերպելու են դասախոսություններ և զրույցներ։

Բացի այդ, ձմեռվա ընթացքում լինելու են գյուղատնտեսական խորհրդակցություններ։ Այդ խորհրդակցություններին մասնակցելու են բոլոր բանիմաց ռաշպարները։ Խորհրդակցությունները պարզելու են, թե ինչպիսի՞ գյուղատնտեսական գործիքներ են հարկավոր այս կամ այն շրջանի համար, ի՞նչ սերմացու և այլն։

Բացի այդ, Հողժողկոմատը որոշում ունի վարկ տալ գյուղական այն տնտեսություններին, որոնք օրինակելի խոտացանությամբ են պարապում, ցանում են յոնջա, կորնգա և այլն։

Իհարկե, քիչ է, եթե նա իր տնտեսության կարիքների համար է ցանում յոնջա կամ կորնգա։ Եթե այդ գյուղացին համաձայն լինի իր յոնջայից կամ կորնգայից սերմ պատրաստել, շրջանում տարածելու, այդպիսի գյուղացին ստանալու է վարկ, որպեսզի հարմարություն ունենա տեղում յոնջայի և կորնգայի սերմ պատրաստել։

Շրջանային գյուղատնտեսները ձմեռվա ընթացքում այդ տնտեսությունները պիտի ցուցակագրեն, որպեսզի ժամանակին հնարավոր լինի նրանց համար վարկ ստանալ։

Առաջին անգամն է, որ մեր գավառում գործի են կանչվել շրջանների համար գյուղատնտեսներ։