Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ շրջանում սպառվել է 400 տուփ սերմ։ Հրահանգիչը պարբերաբար զրույցներ է կազմակերպել և գործնական ցուցմունքներ տվել բոլոր տնտեսություններին։ Արդյունքը եղել է շատ հաջող։ Ղափանի շրջանն այս տարի տվել է 1400 փութ բոժոժ։ 1926 թ. մեծացվելու է շերամապահական կայանը, բացվելու է և մի նոր կայան քաղաքի շրջանում։ Գավառում աշխատել է և մի մեղվապահական հրահանգիչ։

Առաջին վարձակայանը կառուցվել է 25 թ. հուլիսին, Տեղ գյուղում։ Վարձակայանն ունի 3 շարքացան, 2 քամհար, փոցխ, սերմզտիչ, գութաններ և այլն։ Առաջին անգամ սերմզտիչը Զանգեզուրում աշխատել է 25 թվին։ Միայն Տեղ գյուղում մի ամսվա ընթացքում շարքացաններն աշխատել են 23 օր։ Սակայն գյուղատնտեսական գործիքների պահանջը շատ է, իսկ եղած գործիքները քիչ են, միջոցներ են ձեռք առնված՝ բաց անելու նոր վարձակայաններ և ձեռք բերելու նոր գործիքներ։

Գյուղատնտեսության վնասատուների՝ մկների դեմ ապրիլին կռիվ է մղված 600 դես. վրա, բացի այդ, սեպտեմբերին այդ աշխատանքը շարունակված է և ավարտված մոտ 2000 դես. վրա։ Այդ աշխատանքը կատարված է կենտրոնից եկած հատուկ հրահանգիչների միջոցով։ Առաջին անգամ սրսկված է խաղողի չորս այգի. սրսկումը դրական արդյունք է տվել:

Գավառում 23 գյուղ ենթարկված է մանրազնին գյուղատնտեսական ոսումնասիրության։ Գյուղատնտեսական զրույցներ և դասախոսություններ են կազմակերպված 43 գյուղում, զանազան նյութերի շուրջը։ Մի գյուղում միայն՝ Վերին Շենում, ձմեռվա ընթացքում կազմակերպվել են միամսյա կաթնատնտեսական կուրսեր, որին մասնակցել են 26 հոգի։

Հաշվետու տարում սպառվել է 700 գյուղատնտեսական գրքույկ: Բացի այդ՝ գավառում կազմակերպված է մրցանակաբաշխություն շրջանային 3 կենտրոնում։ Վերին Շենում կազմակերպված է կաթնատնտեսական մեծ արտել։ Մասնակցություն է ցույց տրված Բազարչայի և Բորիսովկայի կաթնատնտեսական արտելներին։ Ագրոաշխատավորները մասնակցել են հողաշինարարական աշխատանքներին, ագրոպրոպագանդայի հանձնաժողովին, կազմակերպված են ագիտդատեր և այլն: