Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց կոմունարների մեջ մի այլ միտք է ծագում՝ կոմունան հիմնել Խորհրդային Հայաստանում և դառնալ օրինակ գյուղացիների համար։ Նրանց ներկայացուցիչները գալիս են Հայաստան, դիմում տալիս կառավարության, մի քանի տեղեր ման են գալիս և հավանում Միսխանեի ձորին։ Այդ լինում է 1925 թ. գարնանը։ Հենց նույն ժամանակ էլ Հողժողկոմատը նրանց է հանձնում այդ ավերակ գյուղն իր նախկին նադել հողերով, մոտ 760 դես. տարածությամբ, որից վարելահող է 164 դես., խոտհարք՝ 90 դես. և արոտ՝ 120 դես.։ Մնացածն անպետք արոտներ և մացառուտներ են։

Այդ ավերակ գյուղում մնացել էին մի քանի աղքատ տներ։ Նրանք երբ տեղեկանում են, թե ուրիշ մարդիկ են գալու իրենց գյուղում ապրելու, մյուսներին էլ են իմաց տալիս և որոշում են նոր եկողներին ավերված տներն ու փուլ եկած, քարուքանդ եղած գոմերն ու մարագներն վաճառել։

Բարիդրացիական հարաբերությունները լավ պահելու համար կոմունարները որոշում են հեռացողների ավերակները գնել։ Վճարում են կանխիկ և այն էլ՝ շատ բարձր գին։ Հարևան գյուղերում լուր է տարածվում, թև եկողները շատ հարուստ մարդիկ են, նրանց համար հազար ռուբլին մի կոպեկ չի։

Այնինչ 34 կոմունարի ունեցվածքը եղել է 3 ձի, 2 գութան, 2 փոցխ, մի ֆուրգոն, 100 փութ աղ և 2 պարկ կարտոֆիլ։ Ահա այդքանով են նրանք սկսում իրենց աշխատանքը, առաջին օրը տեղավորվելով մի գոմում։

Հարևան գյուղացիները համոզված էին, որ կոմունարները Միսխանեի ձորում ապրել չեն կարող։

— Շատ մնան, մի ամիս,— ասում էին նրանք։

Հենց առաջին օրը՝ վար անելուց, կարկուտ է գալիս։ Գյուղացիք նայում են և իրար ասում, թե վաղը պիտի փախչեն։ Բայց կարկուտի տակ էլ նրանք շարունակում են վարը, երեկոյան վերջացնում և ցանում գարի։

Առաջին հաջողությունը ոգևորում է նրանց։ Վերջին տեղացին հեռանալուց հետո կոմունարներն սկսում են աշխատել, նոր անդամներ են ընդունում, չեն նայում ո՛չ տոնի, ո՛չ կիրակի։ Առաջի տարին ապրում են ծանր պայմաններում, կտրում են իրենց բերանից և աշխատում տնտեսությունը ծաղկեցնել, անասուններ ձեռք բերել, կթան ու լծկան, գյուղատնտեսական