Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

43. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<Սեպտեմբեր, սկիզբ, 1925 թ.>

Խնդրում եմ հոկտեմբեր 1-ից ինձ ազատ համարել գավ. գյուղատնտեսի պաշտոնից։

Անցյալ տարի այնպիսի պայմաններ էին, որ չհաջողվեց որևէ շոշափելի աշխատանք տանելու։ Գյուղատնտեսական բյուջեն տնօրինում էր հողբաժնի վարիչը։ Նույն դրությունն է լինելու և գալ տարում։ Եթե ավելացնենք նաև Զանգեզուրի յուրահատուկ պայմանները (դրամի չգոյությունը, աղքատ բյուջեն, կտրվածությունը և այլն), որ 25/26 թ. էլ համարյա պիտի շարունակվեն, և այլն, որ բյուջեն դարձյալ մնում է հողբաժնի ընդհանուր սահմաններում, բացի այդ՝ այս տարի մենք ավելի շատ ենք կախված լինելու շրջգործկոմներից, որոնց եկամուտը շատ է նվազ ագրոնոմիական նպատակների համար ծախսեր անելու, պարզ կլինի, թե ինչու եմ կասկածում և գալ տարվա աշխատանքներից։

Բացի այդ, կարիք ունեմ երկարատև բժշկության։ Այդ հարմարությունից էլ զուրկ ենք այս կտրված գավառում։ Համաձայնությունս եմ հայտնում աշխատելու Լենինականում, Լոռիում։

Ալ. Բակունց

44. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

7 սեպտեմբ. 1925 թ. № 1072, Գորիս

Մեր գավառում հողային խնդրի կանոնավորման խոշոր չափով խանգարում է գաղթականության հարցը, որ մինչ այժմ ոչ միայն վերջնական լուծում չի ստացել, այլև շարունակում է ծավալվել։ Գաղթականական խնդիր է առաջանում այն գյուղերում, որտեղ անցյալ տարի բնակչություն չկար, և հողաշինարարական կարգով այդ գյուղերը հատկացված էր հարևան հողապակաս գյուղերին։ Օրինակ.

1) Սիսիանի Օրթոքյուզ գյուղում բնակչություն չկար, 24 թ. այդ գյուղը հատկացված էր, Ձեր հրահանգի համաձայն, Թազագյուղին: