Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրոք գրականության, մամուլի, գիտության լեզու լինելու ընդունակ լիներ, ուրեմն կդառնար այդպիսին, քանի որ նա մեր ժողովրդի ամենակոմպակտ ու ամենախոշոր հատվածի լեզուն էր։ Եթե չդարձավ, կնշանակե՝ չէր էլ կարող դառնալ։

Բայց նա տվեց Նազարյանի-Նալբանդյանի—Շահազիզի լեզվին իր հարստություններից այն, ինչ նրանք կարողացան վերցնել, ինչ կարևոր եղավ նրանց։

Թվում է, սակայն, որ Աբովյանով էլ պիտի վերջանար լեզվի այդ ճյուղավորումը, քանի որ դրանից հետո ծագեց մի ամբողջ գրականություն ու մամուլ Նազարյան շկոլայի լեզվով և, ըստ ամենայնի, այդ հյուսիսափայլյան լեզուն հաղթող էր հանդիսանում։

Սակայն ո՛չ։ Առաջ եկան, մի կողմից՝ Պռոշյան, Աղայան, մյուս կողմից՝ Սունդուկյան, որոնք շարունակեցին բարբառով գրել և ավելի ևս բարդեցին այդ խնդիրը։

Ըստ երևույթին, այդ մարդկանց չէր գոհացնում Նազարյանի և Շահազիզի, իրավ, որ անկենդան լեզուն։

Ճիշտ է, անկենդան էր այդ լեզուն, կիսամեռ էր նա, առկախ գրաբարից, լի խրթին ու չոր խոսքերով և դարձվածքներով։

Եվ շատ հասկանալի է, որ Սունդուկյանի նման մի անզուգական տաղանդ պետք է նկատեր, որ դրամայի ասպարեզում, թատրոնում այդ Նազարյան-Շահազիզյան լեզուն անկիրառելի է, անթույլատրելի, անհնար։ Որովհետև ոչ մի տեղ այնքան աչքի չի ընկնում լեզվի մեռածությունը, որքան թատրոնում և այն՝ կենցաղագրական-նատուրալիստական թատրոնում։

Մյուս կողմից՝ նույնը պիտի զգար և՛ Աղայանը, և՛ Պռոշյանը՝ ժողովրդական կենդանի կենցաղին մոտենալիս։ Այս ամենը պարզ է, սակայն ինչպե՞ս հաշտեցնել այդ երկու ճյուղավորությունը։ Չէ՞ որ մի գրականություն պիտի ունենա իր մի լեզուն։ Հո չէ՞ր կարելի պատմվածք, դրամա կամ հեքիաթ գրելիս մի լեզու գործածել, իսկ հոդված ու դասագիրք գրելիս կամ թարգմանություն անելիս՝ ուրիշ լեզու։ Ինչպե՞ս պիտի հաշտվեր հայ գրողն այդ տարօրինակ դրության հետ։ Մի կողմից, կարծես թե ստեղծվում էր Նազարյանի և նրա աշակերտների ձեռքով մի տեսակ արհեստական, շինծու լեզու, գրաբարի ու աշխարհաբարի մի խառնուրդ, մյուս կողմից