Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբովյան» վեպի պահպանված գլուխներում ու մասամբ էլ' Աբովյանին նվիրված հետազոտության մեջ։ Դրանցից արժե հիշել Աբովյանի անհայտացման ժողովրդական վարկածների մասին պատմող հնօրյա նամակները, որոնք գրված են 1848 թ․ ապրիլ-մայիսին։ Բակունցն իր գրական-գիտական հետազոտությունների համար վավերագրեր ու ատաղձներ է որոնել նաև այն ժամանակները դեռևս Էջմիածնում գտնվող՝ ՀՍՍՀ Մատենադարանում։

«Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» ըստ արխիվային նորահայտ վավերագրերի» մենագրության մեջ Բակունցին ավելի Աբովյանի անձնավորությունն ու անհատականությունն են հետաքրքրել, քան գեղարվեստական ժառանգությունը։ Աբովյանի բուն ստեղծագործությունը կամ գլխավոր երկերը Բակունցը հանգամանալից քննության նյութ չի դարձրել։ Դրանց մասին նա խոսել է ընդհանրապես և առանձին թռուցիկ ակնարկներով՝ այդ ձևով միայն փորձելով թափանցելու նրանց էության ու նպատակադրումների մեջ։

Օժտված լինելով անսովոր խորաթափանցությամբ՝ Բակունցը մի զարմանալի միասնություն է տեսել Աբովյանի գեղարվեստական ոճի և ողջ գործունեության միջև, երկու դեպքում էլ նշմարելով մի սրընթաց ճախրանք դեպի մեծ նպատակը, դեպի գյուղացիական դասի կյանքի բարվոքումը, լուսավորությունն ու վերածնունդը։ Օրինակ. «Վերք Հայաստանի» վեպի մասին Բակունցն ասում է, թե այն գրված է «անզուսպ ու հախուռն թափով», նման «նրա գործունեության մյուս ասպարեզներին»։ Այս նույն գրվածքի գաղափարական նպատակաուղղվածության հարցը քննելիս՝ Բակունցը նրա պաթոսը համարել է ներբողն ու խնկարկությունը, պարզորոշ գրելով, թե «Վերք Հայաստանին» գովք է ոչ միայն ռուսական զենքի, այլև հայ գյուղի, նրա բարքերի և այն ակնկալությունների, որ ուներ «Հայկական մարզի» գյուղը շահի և նրա սարդարների բռնությունից ազատվելու հույսով», ապա և որոշակի հայտարարելով, թե ռուսական տիրապետությունը իրականում թեթևություն չբերեց հայ գյուղին, մինչդեռ Աբովյանի վեպի մեջ ռուսական տիրապետության տակ եղած հայ գյուղի վիճակը միանգամայն բարեկեցիկ է (տե՛ս Պարնի գյուղի նկարագրությունը վեպի III գլխում)։

Բակունցի համար առհասարակ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ, չնայած ծանր հուսահատության ու հիասթափության՝ Ներսեսի պաշտպանած քաղաքականությունից ու ռուսական կողմնորոշման հետևանքներից, Աբովյանն այնպես գուրգուրելով էր պահում իր երբեմնի «թոթովանքները»՝ «Վերք Հայաստանի» վեպը, և հետագայում «ո՛չ մի բառ չջնջեց այն էջերից, որտեղ նա գովաբանել էր «Հյուսիսի արծիվին»», փառաբանել՝ Ռուաստանը։ Այսօրինակ հարցադրումը, ինչ խոսք, հետևանք է Աբովյանի ողբերգության իրական պատճառներին անհաղորդ մնայուն և մեկնաբանման ոչ ճիշտ հայեցակետերի։ Նման հարց հազիվ թե Բակունցի գլխում ծագեր, եթե նա հնարավորություն ունենար հանգամանորեն ուսումնասիրելու «Վերք Հայաստանի» վեպում արտացոլած դարաշրջանն ու ստեղծման պատմությունը, գոնե իր համար պարզեր, թե որո՞նք են վեպի գրության գլխավոր ազդակները, վերջապես՝ եթե հայտնի լինեին նրան, որ վեպի այդ մասին պատգամող կարևորագույն էջերը գրված կամ խմբագրված են ո՛չ թե 1841 թվականին, այլ 1845—46 թթ. կամ հետագայում, այսինքն՝ այն նույն շրջանում, երբ, ըստ ոմանց, Աբովյանն, իբր, շրջադարձ էր կատարել իր քաղաքական հայացքներում։