Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավոր պահանջներին ընդառաջ երթալու։ Թե՛ Եվրոպայում և թե՛ Ասիայում նա մեկ կետ նպատակի է ձգտում,— կամազուրկ ստրուկներ դարձնել իր հպատակներին»*[1]։

Դպրոցական ասպարիզում ևս ձախողանքի է հանդիպում Աբովյանը։ Նրա պայքարը նոր լեզվի և դասավանդման նոր ձևերի համար դեմ է առնում մի անանցանելի պատնեշի։ Էջմիածնից մինչև Գիտությունների ճեմարանը արգելք են հանդիսանում նրա ռեֆորմներին։ Հիշեցինք, որ Կարապետ եպիսկոպոսը կրակի է մատնում նրա անդրանիկ դասագիրքը՝ «Նախաշավիղը»։ Ստ. Նազարյանը 1845 թվին Աբովյանին նոր հայերենի մասին գրում է. «Ճեմարանն Ս. Պետերբուրգայ միշտ ընդդէմ յարիցէ քեզ և ինձ, և այս՝ բնական իմն. լեզու հայոց ոչ կարօտի վերստին նորոգութեան։ Ընդ է՞ր՝ ասեն՝ թողուլ զականաւոր լեզու նախահարց և զհետ լինել յարուցանել և յօրինել դպրական[2] զռամիկ լեզու ժողովրդեան, միով բանիւ՝ ընդ է՞ր բանալ զաչս ժողովրդեան, ի տեսանել` զոր պարտական էր տեսանել»։ Եվ Նազարյանը տեղեկացնում է, որ «Հայկազյան օրագրության», այսինքն՝ ամսագրի միջոցով «կամիմ ամբարտակ իմն յարուցանել ընդդէմ խուռն յորձանաց մերոյս կորստեան և բանադատել զմերայինս ճանաչող լինել անձանց և խելամտիլ կարևոր խնդրոյ մերոյս ժամանակի»**[3]։

Այսպես ուրեմն. իր կյանքի վերջին շրջանում նա մեկը մյուսի հետևից կորցնում է բոլոր կապերը, խորտակվում են բոլոր կռվանները։ Գյուղը ակնկալած ազատությունը չստացավ, վաճառականներն ավելի վայրագ սկսեցին գռփել, սարդարի և ֆարրաշի փոխարեն ժողովրդի վզին նստել էր մի դաժան ադմինիստրացիա, որ Ռուսաստանի խորքերից քշվում էր ծայրամասերը, և որի կամայականությանը չափ ու սահման չկար։ «Օրհնյալ ռուս» եղան Նիկոլայ Առաջինի սատրապները և գրաֆ Բենկենդորֆի ժանդարմերիան։ Նա ընդմիշտ երես դարձրեց էջմիածնից, խորտակվեցին բոլոր ծրագրերը՝ նոր լեզու և նոր դպրոց ստեղծելու։ Այս անանձնական հուսախաբությանն ավելացավ անձնական, ընտանեկան կյանքի խորթությունն ու սառնությունը։ Նրա վրա ծանրացավ մի զարհուրելի հուսահատություն, որի նկարագիրն արել է հենց ենքը հետևյալ հատվածում.

  1. Ֆր. Բոդենշտեդ, Կովկասյան ժողովուրդներ, էջ 157150
  2. 151
  3. ** Տե՛ս «Մուրճ», 1904, № 3, էջ 125