տակության դաշտերը կհանդիսանային Թերնի, էտուալի և Մեծ բուլվարներու սրճարանները , և որոնք վերեն կնայեին այս մանրբուրժուական անզոր և անհանգիստ տարրերու վրա, որոնք իրենց մաշած բաճկոններու արմունկները կծակեին սրճարաններու սեղաններու մարմարիոնին վրա, ամբողջ օրեր վիճելով և խոսելով վերացական հարցերու շուրջ կամ որոճալով ամենեն անսպասելի փրկարար միջոցները՝ մարդկությունը փրկելու համար տանջող խնդիրներեն։
Հետպատերազմյան շրջանի եվրոպական երկիրներու մեջ
առաջ եկած ըմբոստական ձգտումները, հառաջապահ մտավորականներու
փորձերը, միջազգային բանվորական շարժումը,
Ռուսաստանի պրոլետարական հեղափոխությունը, մյուս
կողմե՝ տնտեսական տագնապը, կյանքի դժվար պայմանները,
այդ բոլորը միախառնված իրարու, տարօրինակ պատկերացումներ
ներշնչեր էին այդ արմատախիլ մարդոց, որոնց
մեջ հաստատուն բան չէր մնացած այլևս։ Բայց այդ բոլորի
մեջ, մանավանդ, Հայաստանի խորհրդայնացումը կհարուցաներ
անոնց մեջ հակասական և բուռն զգացումներ:
— Ախպա՜ր, դուն ինձի Հայաստան ըսե՛, ուրիշ բան մըսեր,
թո՛ղ խորհրդային ըլլա,— կըսեր տարեց մարդ մը իր
սեղանակիցին, որ գլուխը կշարժեր տարակույսով։
— Ճանըմ, Մաղաք աղա՛,— կըսեր գլուխը շարժողը,–
տեսակ֊տեսակ բաներ կըսեն կոր ատ… խորհրդավոր կըսե՞ս
կոր, ի՞նչ կըսես կոր… Հայաստանին համար։
Թրքախոս հայեր կափսոսային, որ «հայ մանկտին»,
ֆրանսիական դպրոցներու մեջ պիտի կորսնցունե մայրենի
լեզուն, և մեծաբարբառ կխոսեին հայ դպրոցներ հաստատելու
մասին, ուր «հայեցի» կրթություն պետք էր ստանային
հայ երեխաները։
Ոմանք իրենց գավառներեն բերած էին զանազան կերակուրներու
վարժություն և ամեն ինչ վատ կգտնեին։ «Այս
երկրին մեջ ալ ուտելիք բան չի կա», կըսեին անոնք և կերազեին
իրենց հայրենի սոխը և սխտորը։ Բայց ամենեն մոլեռանդներն
էին զանազան քաղաքական աղանդավորները,
որոնք կդավանեին, թե իրենք դեռ չի ծնած կոմունիստ էին,
իսկ ուրիշներ՝ մտավորականներ, մանավանդ, փաստաբան–