Էջ:Barpa Khachik.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան մեկ աչքի ծայրով ժպտեցավ գողունի և սկսավ հարցումներ ուղղել անոր։ Բայց երիտասարդը, կարծես արդարացնելու համար իր ստացած նոր անունը, ժլատությամբ կպատասխաներ։


Հանկարծ անիկա ոտքի ելավ և ըսավ.


— Ես չէի ուզեր ձեզ անհանգիստ ընել, բայց խնդիրք մը ունիմ։


— Ըսե՛, տղաս, մի՛ քաշվիր,- ըսավ Բարպան։


Երիտասարդը բաճկոնի ներսի գրպանեն հանեց մեծ պահարանի մեջ դրված և կնքված նամակ մը և երկարելով Բարպային՝ ըսավ.


— Կխնդրեմ ձեզմե, որ այս նամակս հասցնեք ընկեր Միհրանին, շատ կարևոր է։


— Շատ լավ,— ըսավ Բարպան՝ նամակը վերցնելով։


— Բայց կաղաչեմ ձեզի, այս իրիկուն իսկ իր ձեռքը հասնի, ինձ համար կենսական նշանակություն ունի, մահու-կենաց խնդիր է,— ըսավ ան խուլ ձայնով և մինչև իր մազերուն արմատները կարմրեցավ։


— Անպատճառ կհասցնեմ,— ըսավ Բարպան և ինքն ալ ոտքի ելավ, դրավ նամակը գրպանը, ետևեն գլխարկը վերցուց և երբ գլուխը դարձուց, երիտասարդը անհետացեր էր սրճարանի ծուխերու ամպին մեջ։


«Աս չոճուխը բան մը ուներ», մտածեց Բարպան և, փոխանակ կայարան երթալու, բարձրացավ Սեն-Միշելը, մտավ Գեյ֊Լյուսակ փողոցը, անցավ անկյունը, ուրկե հետո կսկսեր Կլոդ Բեռնար փողոցը։


Դռնապանուհին խուցի սեմին վրա էր և Բարպային բարևը առնելե հետո ըսավ.


— Այդ պարոնները իրենց տունը չեն:


— Գիտեմ,— ըսավ Բարպան,— բայց մադամ Լենը այս պահուն իր սենյակը կըլլա։


Երբ Բարպան առաջին հարկը բարձրացավ, դռնապանուհին վազեց գնաց լվացարարուհիին մոտ։


— Կերևակայե՞ս,– ըսավ ան, երկու բռունցքները դնելով ազդրերուն վրա,— այդ ծերուկ ստահակը, ա՜հ, ո՛չ, ո՛չ, բարձրացավ այդ պոռնիկին մոտ, և դեռ ալ չի ծածկեր ընե–