Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիքը… Երիտասարդներեն հետո ծերուկ մորեղբայրը, այդ կինը զզվանք չունի…


- Ո՞վ գիտե, ինչ կեղտոտություններ տեղի կունենան այդ փողոցային կնոջը սենյակին մեջ,— ըսավ լվացարարուհին՝ հենվելով արդուկին վրա և անշարժանալով։


— Կտեսնես, որ լավ ըրինք ամբաստանելով այդ խայտառակ կինը տան տիրոջը,— ըսավ դռնապանուհին գլուխը շարժելով.— այսպես ուրեմն, ես ըսի տանտիրոջը՝ «Աղքատ եմ, այդ պարզ է, բայց պարկեշտ կին եմ ես և չեմ ուզեր միջնորդ կնոջ դերը կատարել…»։


Դռնապանուհին հազար անգամ պատմած էր, բայց անգամ մըն ալ պատմեց, թե ինչպես գործի մը համար գացած ըլլալով Մոնմարտը, վերադարձին, ուշ ատեն, Պիգալի հրապարակին վրա հանդիպեր էր մադամ Լենին, որ պոռնիկի մը պես սարքված էր և որ մարդ կորսար։ «Արյունս մեկ շրջան մը ըրավ,— կըսեր ան,— և մտածեցի այդ փողոցայինին գործը կարգադրել, որ ամեն բանի վրա մեզ նման պարկեշտ կիներու հանդեպ գոռոզ է»։


- Օհ, այո՛, գոռոզ է,– կըսեր լվացարարուհին։


— Ուրեմն, տանտերը ըսավ. «Լավ, ի՞նչ կհուզվիս, դուրս ըրե տունեն», և երկու օր առաջ տան տիրոջ ստորագրությամբ հրաժարագիրը ներկայացուցի իրեն, և գիտես ի՞նչ պատասխանեց ինձի։ «Բայց, տիկին դռնապանուհի, գիտեք, թե ինչքան դժվար է առանց կարասիի սենյակ գտնել, ինձ փաստորեն փողոցը կնետեք կոր»։ Ես ալ աչքերուն մեջ նայեցա և ըսի. «Սկանդալի պետք չկա, թռչեի՛կս, մանավանդ, եթե կուզես՝ դատարան դիմե»։— Եվ թող դիմե,– կըսեր քա՜հ-քա՜հ խնդալով դռնապանուհին,— իր արհեստը ընող մարդիկը քարտ պետք է ունենան, ոչ ավելի, ոչ պակաս, և բժշկական քննութենե պետք է անցնին ամեն շաբաթ և հարկ պետք է վճարեն կառավարության, թո՛ղ դիմե դատարան, եթե կհամարձակի։


Այդ միջոցին երկրորդ հարկի բնակարանի մը թաց պատուհանեն դուրս խուժեցին գրամաֆոնի մը ձայները, լսվեցավ երիտասարդ կոմունիստներու մարշը։