Էջ:Barpa Khachik.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անիկա պոռնկությունը կհամարեր իր անձնական ամոթալի գաղտնիքը և մարդոցմե ուրիշ բան չէր ուզեր, բայց միայն այն, որ չի փորձեին հայտնաբերել այդ գաղտնիքը։ Այդ պատճառով անիկա երբեք իր թաղամասին մեջ ականջ չէր կախեր տղամարդոց, նույնիսկ անիկա վիրավորված պարկեշտ կնոջ երևույթներ կառներ, երբ մեկը կհետապնդեր զինքը, և զարմանալին այն էր, որ անկեղծ էր իր այդ կեցվածքին մեջ։ Անիկա կերթար ուրեմն Մոնմարտը և այնտեղ կգործադրեր իր արհեստը։ Անիկա կբավականանար օրական մեկ-երկու հաճախորդով և ավելիին հետամուտ չէր ըլլար, եթե նույնիսկ առիթը ինքնին ներկայանար։ Անոր գիները չափավոր էին և հակառակ այդ բանին, երբեմն դեռ զեղջ կըներ, հաճախ ինքնաբերաբար, եթե տեսնար, որ իրավամբ հաճախորդին համար դժվար է գինը վճարել։


Անիկա խղճմտորեն կկատարեր իր վրա ինկած պարտականությունը և ընդհանրապես գոհ կթողուր իրեն ընկերացող մարդը և այս բոլորը կհամարեր իր ամոթալի արհեստին հատուկ խղճահարությունը։ Մադամ Լենը երբեք չէր կապված նման արհեստի կիներու հետ, որոնց գռեհիկ զվարճությանը սովորությունները պժգանք կազդեին իրեն, բայց կարեկցությամբ կխոսակցեր ուրիշ իրեն նման թշվառուհիի մը հետ, մայթին եզերքը, և երբեմն նույնիսկ փոքրիկ ծառայություններ կըներ. հանկարծական անձրևի ժամանակ կպատսպարեր իր դիպվածական ընկերուհին իր հովանոցին տակ, շրթներու կարմիր ձողիկը կուտար, երբ անհրաժեշտ էր, կամ բրնձափոշիին տուփիկը և նույնիսկ երբեմն իրեն դիմող հաճախորդը կլքեր ընկերուհիին, եթե նախապես խոսակցության միջոցին լսեր էր, որ իր բախտակից թշվառուհին որևէ հաճախորդ ձեռք բերելու անհրաժեշտության մեջ էր։ Մադամ Լենը զարհուրելի պատմություններ կլսեր երբեմն այդ փողոցի պոռնիկներեն, բայց այդ բոլորը չէին թափանցեր իր խորքը։ Շատերու կարծիքը, այն էր, որ մադամ Լենը բարի կին է, բայց գլխուն մեջ խելք չունի։ Թերևս այս վճիռը ճիշտ էր, թերևս ոչ։ Ո՞վ կարող էր թափանցել մադամ Լենի ներքին մտածումներուն և արժեք մը դնել անոնց վրա։ Ինչ որ ճիշտ էր, այն էր, որ մադամ Լենը, սահմանափակելով իր գաղտնի արհես–