Էջ:Barpa Khachik.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տին համար հատկացուցած ժամերը և տարածությունը, չափավորելով իր պահանջները, կփորձեր սահմանափակել և չափավորել այդ գործին անխուսափելի հետևանքը եղող զանազան տեսակի աղետները։


Տարիներու ընթացքին որևէ նշանակալի անպատեհության չենթարկվելով, մադամ Լենը հասած էր այն համոզումին, որ իր վարվելակերպը լավագույնն էր, և անիկա կկարծեր, թե այդ այդպես կարող էր շարունակվիլ անվերջ։ Այդ կարգի կանանց գլխավոր սարսափը ոստիկանն է, որովհետև այդ կիները մարդկային մարմնի վաճառքին մաքսանենգներն են, և պատիժը ու տուգանքը շատ ծանր են։ Արդ, երբեք որևէ ոստիկան դեռ իր ձեռքը չէր դրած մադամ Լենի ուսին։


Անիկա ամեն իրիկուն, ուշ ատեն կվերադառնար տուն, հոգնած և ֆիզիկապես սպառած։ Բայց երբ կմտներ իր սենյակը, որ պարկեշտություն կբուրեր, ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես կկազդուրվեր։ Այդ սենյակը իր ապաստանը և միևնույն ատեն, կարծես, քավարանն էր։ Կատուի պես մաքուր, անիկա կհաներ իր վրայեն դուրսը գործածած հագուստները, մինչև շապիկը և գուլպաները, և կհագվեր ուրիշ հագուստներ և, կարծես, այդպիսով ինքն ալ ներքին էությունով կփոխվեր: Տանը մադամ Լենը ոչ մեկ առնչություն չուներ մայթերը չափող Կարոլինային հետ. այդ էր անոր կեղծ անունը։


Անիկա ժամանակին, պատերազմեն առաջ, վարձեր էր այդ սենյակը, մաքրեր և կահավորեր էր իր ծախքով, «լինել իր կարասիներու մեջ»՝ վարձակալական օրենքներով ոչ միայն սենյակին տերը ըլլալու նման բան էր, այլև առանձին ապրող կնոջ մը համար պարկեշտության գրավական։ Որովհետև բոլոր այդ փողոցի պոռնիկները, քարտով թե առանց քարտի, կա՛մ որևէ տեղ չունեին և գիշերները կանցընեին պատահական հաճախորդներու տունը, կա՛մ մինչև լույս բաց մնացող սրճարանի մը մեջ, կամ առ առավելն կբնակեին հատուկ հյուրանոցներու մեջ, որոնք կկոչվեին ժամադրության տուներ։


Բրոկա փողոցի այդ տան մեջ, ուր բոլոր բնակարանները վարձված էին՝ մասամբ կահավորված, մասամբ դատարկ,