նելով, փոքրիկ բակ մը կար, որուն մեկ կողմը խոհանոցն էր և մյուս կողմը միակ սենյակը, որուն գետինը տախտակամած էր։ Բակին գետինը հող էր, և այնտեղ դրեր էին թախտ մը, որու վրա Վահրամի մեծ եղբայրը՝ էդվարդը կպառկեր։ Մանրակրկիտ մաքրությունը և վայելչության զգացումը, որ ներշնչեր էր տնեցիներուն՝ պատերուն վրա դնել պատկերներ և բակի սեղանին վրա՝ մշտադալար կանանչ բույս մը, մոռցնել կուտար Բարպային դուրսը կրած անախորժ տպավորությունները։ Անիկա չուզեց իր ցեխոտ կոշիկներով սենյակ մտնել, հակառակ որ անընդհատ կլսեր դեմիրճի Հակոբին անհամբեր ձայնը։
— Գոհարի՛կ, ո՞վ է,— կըսեր ան,— Բարպա՞ն է, շուտով
ներս եկեք։
— Հա՛, հա՛, Հակոբ ջան, հիմա կուգանք,— կպատասխաներ
կինը և էդվարդին մուճակները կփնտրեր թախտին
տակ, Բարպային տալու համար։
Սենյակը մտնելով, Բարպան տեսավ ծղոտե թիկնաթոռի
մը վրա նստած, կանխահասորեն ծերացած մարդ մը, որուն
ցից և կարճ մազերը՝ քաթանի պես ճերմկած, կտարածվեին
մինչև ծոծրակին վրա։ Անոր հոնքերը, որ նույնպես ճերմկեր
էին, կարծես աճեր էին և կցցվեին ճակատի ոսկրի եզրերուն,
գրեթե ծածկելով աչքերը, որոնք այդ մացառուտին մեջեն
կփայլեին տենդագին և քիչ մըն ալ խելագար մարդու աչքերով
նման։ Բարպան, որ միշտ դեմիրճի Հակոբը տեսեր էր
աղյուսագույն կարմիր դեմքով, նշմարեց, որ ան դժգուներ
էր, բայց մանր և կապույտ երակներու ցանց մը կծածկեր
անոր ամբողջ դեմքը։ Հակոբի աջ կողմը անդամալույծ դարձեր
էր, և անիկա իր կենդանի մնացած ձախ ձեռքով կբռներ
անկենդան թևը կամ ոտքը և կտեղափոխեր իր ցանկության
համեմատ։ Տեսնելով Բարպան սենյակի դռան շրջանակին
մեջ, անիկա նախ անորոշ բառեր թոթովեց և հետո ըսավ
բռնազբոսիկ ժպիտով.
— Բարի եկա՛ր, Բարպա՛, փառք մեր տեսության։
— Բարև, Հակո՛բ,— ըսավ Բարպան, նույնքան բռնազբոսիկ
զվարթությամբ.— բարի տեսանք։
Բարպան խորապես հուզված էր: Դեմիրճի Հակոբը, այդ