Էջ:Barpa Khachik.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նով,— աս ոտքս, ձեռքս չբռնելը չըլլա նե, բան մը չունիմ, բժիշկին խոսքին նային նե, աս ալ կանցնի… Է՜հ, ես ալ ատկե ուրիշ ի՞նչ կուզեմ… Քիչ մը աշխատեի՜, տղուս թեթևցնեի աս լակոտն ալ,— ըսավ ան ձախ ձեռքովը ցույց տալով Վահրամը,-բոլշևիկ եղեր Է, Հայաստան երթանք, կըսե կոր. մեծն ալ նույն խելքին կծառայե։ Թո՛ղ աղեկնամ, տունըս պահե՛մ, տղոցս ոտքին փուշը ելլա, ուր կուզեն թո՛ղ երթան,— ըսավ ան՝ խիտ հոնքերուն տակեն նայելով աղուն պայծառ դեմքին։


— Հայրի՛կ, դուն կաղեկնաս, մեկտեղ կերթանք,– ըսավ Վահրամը:


— Է՜հ, Գոհարի՛կ, շարժվե, ինչ պիտի ընես նե, ըրե,– ըսավ Հակոբը կնոջը, որ խոհանոցեն եկավ պնակ մը խաշված ճերմակ լուբիա բերելով։


Կինը և Վահրամը սեղանը քշեցին անդամալույծին քով և փոքրիկ բաժակներ դրին։ Քիչ հետո Հակոբը և Խաչիկը օղի կխմեին, մեզեներեն կճաշակեին և, մոռնալով ամեն ինչ, կխոսեին անցյալ օրերու և խնդիրներու մասին։


— Հազար անգամ ըսեր եմ տղաքներուս,- կըսեր Հակոբը հպարտությամբ նայելով Վահրամին,— ատ գաղափարները մենք շատոնց ունեինք, բայց չէինք գիտեր ո՞ր ծարեն բռնել։ Հիմակ ծարը գտեր են, աղվո՛ր, ես ալ կըսեմ, որ ամուր բռնեցեք ատ ծարը, ամբողջ կծիկը կքակվի, դուք ալ կլուսավորվիք։ Մենք մեր օրը ապրեր ենք, մեր ժամանակը անցուցեր ենք, հիմակ օրը երիտասարդներունն է։ Կհիշե՞ս Վասիլը,— ըսավ ան հանկարծ՝ օղի մը նետելով։


— Հեչ մեկ օր չեմ մոռնար,— ըսավ Բարպան և խորը հառաչեց։


— Ան ալ անանկ գնաց կորսվեցավ,– ըսավ Հակոբը և, սրտին մորմոքը մեղմացնելու համար, ձախ ձեռքով վերցուց օղիի շիշը և լեցուց բաժակին մեջ։


— Ամա՛ն, ճանը՛մ, Հակոբ ջան,— ըսավ Գոհարիկ հանըմը միջամտելով,— Բժիշկը պատվիրեր է, որ օրական երկու բաժակեն ավելի չի խմես։


— Ես խերն եմ անիծեր ատ բժիշկին,- ըսավ Հակոբը՝ հանկարծ կատղելով,– աս մուտե՛ր, ան մի՛ խմեր, ավելի