Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, կատարած եմ,– ըսավ Բարպան:


— Ի՞նչ է, ուրեմն, ձեր կարծիքը,— ըսավ պարոն Ռաուլը,— մեր ունեցած դարբնոցներով և մեր ձեռքի տակ եղող աշխատակիցներով կրնանք ստանձնել այդ պատվերը։


— Կրնա՛նք,— ըսավ Բարպան,— մենք սքանչելի արտիստ- արհեստավորներ ունինք, բայց թերևս հարկ ըլլա նոր հնոցներ սարքել։


— Այդ ոչն՜նչ,— ըսավ պարոն Ռաուլը,— մենք կստանանք բավական մեծ կանխավճար, բայց խնդիր է, դուք հանձն կառնե՞ք այդ գործի ղեկավարությունը։


Բարպային սիրտը թրթռաց հրճվանքով։ Կարծես ավելի տաք արյուն մը շրջան ըրավ անոր երակներուն մեջ:


— Ձեզ ժամանակ կուտամ մտածելու,— ըսավ պարոն Ռաուլը։— Արդեն, քանի որ դուք ձեր ծրագիրը թուղթի վրա չեք գծեր, պետք է, որ ձեզ հաղորդակցության դնեմ գծագրիչի մը հետ, որուն կհայտնեք ձեր գաղափարները։ Ան կգծե ամբողջությունը, մասերը և մանրամասները ձեր անմիջական թելադրության։ Այդ գործին համար ես շինել կուտամ առանձին խուց մը մեր արհեստանոցին կից։


Բարպան հետզհետե կոգևորվեր և որպեսզի պարոն Ռաուլը չի կարծե, թե ինքը կտատանվի ստանձնելու այդ գործը, անիկա ըսավ շառագունելով.


— Ես հանձն կառնեմ այդ գործը։


— է՜, ուրեմն, ավելի լավ,— ըսավ գործատերը։- Ես այսօր իսկ կհեռախոսեմ մեկ քանի գծագրիչներու, որոնց հետ կխորհրդակցիք և կընտրեք այն, որ ամենեն ավելի կթափանցե ձեր իդեաներուն։


— Շատ լավ,— ըսավ Բարպան։


Պարոն Ռաուլը ոտքի ելավ և Բարպային ձեռքը սեղմեց՝ ըսելով.


— Մեծ հույս ունիմ, որ այս գործը նորանոր գործերու դուռ մը բանա։ Նոր հարուստները,— ըսավ ան հեգնական քմծիծաղով,— կատաղորեն կգնեն հին ազնվականներու ավերակները։ Ընտիրը պիտի ուզեն ունենալ իրենց դարբնված գեղարվեստական դռները և ցանկապատելը։ Արդեն պատերազմեն ի վեր երկաթը գերակշռություն կստանա քանդակված