Էջ:Barpa Khachik.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է միջամտենք։ Ասոնք օտարականներու մեր վրա դրած բարոյական բեռն են։


Հանրին և ուրիշները վախցան, որ Բարպան կվշտանա, այդ խսսքեrուն մեջ ակնարկություն գտնելով իր՝ օտարականի հանգամանքին։


Բայց անիկա ձեռքովը նշան մը ըրավ թե՝ ո՛չ, և ըսավ.


— Ես իբր օտարական չեմ դատեր և խոսիր:


— Բրավո՜, պարոն Շա՛ռլ,— ըսին շատերը։

                        *
                     *     *

Հունվար ամսի ցուրտ, բայց արևոտ օր մը Բարպան Հանրիի հետ ճաշարանին մոտակա մեկ սրճարանին մեջ նարդի կխաղային, երբ արհեստանոցեն աշկերտ մը եկավ և ըսավ, թե պարոն Ռաուլը կուզեր Բարպան տեսնել։


Բարպան կիսատ թողուց խաղը և ուղղվեցավ դեպի արհեստանոց:


Պարոն Ռաուլը՝ իր գրասեղանին առաջ նստած, կքններ զանազան ծրագիրներ։ Հայրը նոր մեռեր Էր, և որդին, որ դեռ մեծ սուգի մեջ Էր, կկրեր սև փողկապ, որ կծածկեր կուրծքը, երևան բերելով միայն ճերմակ շապիկին օսլայած և ուղիղ օձիքը։


— Պարոն Շա՛ռլ,— ըսավ ան, Բարպայի բարևը փոխանակելն և անոր աթոռ մը ցույց տալե հետո,— մեզի կներկայանա շատ հետաքրքրական գործ մը։ Միլիոնատեր վաճառական մը գներ Է կիսով ավերակ դղյակ մը Տուրի շրջանին մեջ և կուզե դղյակը վերականգնել իր հին շքեղության մեջ, մասամբ նորություններ մտցնելով։ Սեփականատերը կուզե դղյակին առաջամասի պարտեզը շրջապատել երկաթաձող ցանկապատով, որ պիտի ունենա մեծ երկաթյա դուռ, այդ բոլորը դարբնված գեղարվեստական կերպով։ Ճիշտը ըսելով, պարոն Շա՛ռլ,— շարունակեց ան,— ես այդ գործը չէի ստանձներ և դեռ վերջնական պատասխան չեմ տվեր։ Բայց ես հիշեցի, որ դուք իմ հանգուցյալ հորս հետ տեսակցած միջոցին ըսեր էիք, թե Կոստանդնուպոլսո մեջ, պալատներու համար, կատարած եք այդպիսի աշխատանքներ: