Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համոզման։ Անիկա` քամիներեն ծեծվելով և ցնցվելով, ծալվեր, փաթաթվեր էր ձողին և ընդուներ էր փողոցի փոշին։


Բարպան շենքեն ներս մտավ, երբ սերժանտներեն մեկը առաջ անցնելով նշան ըրավ իրեն, մյուս սերժանտը մնաց դռան առաջ։


Բարպան բարձրացավ ցեխոտ և ցից սանդուղներեն, հետո մտավ նախասենյակը, որուն դռան առաջ պահակ մը կար և ուր առանց հենարանի նստարւսններու վրա նստած էին մարդիկ։ Սերժանտը բացավ գրասենյակի մը դուռը և ներս մտավ, ըսելով Բարպային, որ սպասե, բայց, անտարակույս, ան միտքը փոխեց և դուռը կիսով բանալով, նշան ըրավ Բարպային, որ մտնե։


Գրասենյակի պատուհանը կբացվեր պատի մը վրւա, որ գրեթե երկու մետր հեռավորությամբ կբարձրանար, մշտնջենական կիսամութի մեջ թողլով սենյակը:


Պաշտոնյան այնտեղ չէր, և գրասեղանին վրա, որ ծանրաբեռնված էր թղթածրարներով, կվառեր կանանչ խավաքարտե լուսարգելով էլեկտրական լամպը: Անհրապույր գրասենյակը, ուր, բացի պաշտոնյայի աթոռը, մեկ աթոռ մը կար և կահավորված էր իրար քով շարված կլասեորներով,կարտաբուրեր թուղթերու, փոշիի և բորբոսի տարտամ հոտ մը:


— Կարող եք նստիլ,— ըսավ սերժանտը Բարպային, ցույց տալով աթոռը։


Բայց Բարպան առանց պատասխանելու հրաժարեցավ: Գրասենյակը մտնելով, անիկա հաներ էր գլխարկը և ձեռքը բռնած էր, իսկ մյուս ձեռքը դրեր էր վերարկուին գրպանը: Անոր դեմքը կարտահայտեր ճակատագրին հարվածը անակնկալորեն ստացող մարդու շվարուն համակերպությունը։ Կարծես թե դժվար պիտի ըլլար այդ նույն մարդուն համար ձևակերպել ըմբոստության մեղադրանք։ Բայց օրենքը օրենք էր, կանոնները կանոններ էին, և ոչ ոք տրամադրություն կամ ժամանակ չուներ մտնելու հոգեբանական նրբություններու մեջ:


Առաջին անգամն էր, որ Բարպան Ֆրանսիայի մեջ իր վրա կզգար ոստիկանության թաթը, և անոր համակերպության մեջ, թերևս անգիտակից, թերևս ակամա, հետաքրքրության երանգ մը կար։