Էջ:Barpa Khachik.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուսին, որևէ բանով հաճելի ըլլալու, սիրալիրություն մը ընելու, և ի փոխարեն անիկա ոչինչ չէր սպասեր մարդոցմե:


Երբ մադամ Լենը քամիի պես դուրս սպրդեցավ տունեն. Բարպան ըսավ Յորկիին.


— Ինչո՞ւ թողուցիր, որ վեց հարկը իջնա… դուն Էրթայիր շաքար առնելու։


Յորկին ծիծաղելով պատասխանեց.


— Անիկա դեռ քանի մը անգամ կիջնա կելլա, աղեկ կնիկ Է, բայց թռչունի չափ խելք չունի։


— Ինչո՞վ կզբաղի այս կինը,– հարցուց Բարպան։


— Քորսըթիեբ Է, այսինքն՝ քորսեի գործի մեջ բանվորուհի Է, այս միջոցին մորտ֊սեզոն Է, ամեն օր գործ չունին։


— Կերևի լավ կվճարեն,— ըսավ Բարպան,– բարեկեցիկ կերևա կոր…


— Բարպա՛,— ըսավ Յորկին՝ հանկարծ լրջանալով,- Փարիզի մեջ տասնյակ-հազարավոր կիներ և աղջիկներ կան, որ չես գիտեր, թե ինչպես կապրին, անոնք տանիքներու վրա թառած ճնճղուկներուն կնմանին…


Երեկոն անցավ ուրախ, ջերմ, լեցված մադամ Լենի ճռվողյուններով։ Հաճույքով ճաշակեցին բուրումնավետ արգանակը, որը դժվարահաճ Բարպան գնահատեց։ Վիկտորյան ուզեց սորվիլ, որպեսզի ինքն ալ պատրաստե, և մադամ Լենը եռանդով կբացատրեր.


— Կառնես մսավաճառեն պոտօֆեի համար միս, նախընտրությամբ կողի վերի մասերեն, մեկ շերտ միս, մեկ շերտ ճարպ և կրճիկ, կուզես ողնածուծով ոսկորի կտոր մը, կվերցնես պրաս, կարոս, շաղգամ, ստեպղին, ազատքեղի արմատ, ամեն տեսակեն մեյ-մեկ քիչ, կմաքրես բանջարեղենը և կդնես մսի հետ ամանին մեջ, հետո երկու պճեղ սխտոր, ոչ ավելի, մեկ խոշոր սոխ, չորս մասի բաժնված, աղ և քիչ մը պղպեղ… Հետո այդ բոլորին վրա կդնես ջուրը, մինչև ամանին բերանը, երկու մատ ցած, հետո կդնես, նախ, ուժեղ կրակի վրա. երբ եռ գա և փրփուրը կազմվի, ծակ շերեփով կվերցնես մակերեսի փրփուրը և հետո ամանդ կփակես ամուր և այլևս մեղմ կրակի վրա կեփես գոնե երկու ժամ, եռ գալեն հետո հաշվելով և եփը երբեք չի դադրեց–