Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նելով։ Պոտօֆեին մահը այն է, երբ պաղ ջուր ավելցնես, կտեսնեք, որ պարզ բան է… և աժան… և ունիք կատարյալ ընթրիք՝ արգանակ, միս և բանջարեղեն։ Բայց, դժբախտաբար,— ավելցուց անիկա, տխրած դեմք մը ստանալով,— այս աժան, համեղ և սննդարար ընթրիքը մատչելի չէ բանվորուհիներուն, որովհետև ժամանակ չունին, որ երկու ժամ սպասեն եփվելուն։


— Եվ այդ պատճառով,— ըսավ Յորկին,— մեր մադամ Լենը, մեծ ամանով պոտօֆե կպատրաստե և արգանակ կուտա հարևաններուն…


— Լռե՛, անպիտան,- ըսավ մադամ Լենը և, կարծես չքմեղանալու համար, դառնալով Բարպային և Վիկտորյային՝ ավելցուց.— գիտեմ, որ հաճույք կպատճառե, և ես մինակս չեմ կարող սպառել արգանակը, որը՝ կրկին տաքացված՝ նույն բանը չէ, օ՜հ ոչ, բնավ այն համը չունի… ճի՞շտ է, թե ոչ,— ըսավ ան Յորկիին դառնալով…


Ճաշեն առաջ մադամ Լենը իր հյուրերուն տվեր էր մադերա, ճաշի միջոցին՝ հասարակ կարմիր գինի, իսկ կաֆեին հետ հրամցուց բենեդիկտին…


— է՛հ, ըսեք, կխնդրեմ,— առարկեց Յորկին,— ո՞րտեղից դուրս կբերե այդ բոլորը…


— Այնքան մեծ հաճույք է հաճույք պատճառելը,— ըսավ մադամ Լենը։


Անիկա հազիվ թե կուտեր և քանի մը կաթիլ միայն խմեց ըմպելիներեն, բայց անիկա հիացած կդիտեր հյուրերը, որոնք կգնահատեին իր հրամցուցած բաները։ Անիկա միայն սուրճեն իր լայն բաժինը առավ և պնակով դրված բիսկվիտներեն մեկը վերցուց և թաթախեց սուրճին մեջ:


— Այսպես է բնավորությունը, — ըսավ Յորկին հայերեն,— հիմարը ուրիշները հյուրասիրելու համար ինքը երբեմն անոթի կմնա։


Ընթրիքեն հետո մադամ Լենը վառարանին վրա, միևնույն ատեն անընդհատ շատախոսելով, արագ-արագ լվաց ամանները և իրենց թաքստոցները մտցուց և թույլ չի տվավ, որ Վիկտորյան իրեն օգնե, հետո կիթառը վերցուց և սկսավ նվագել. երբեմն ալ փոքրիկ, բայց հաճելի ձայնով կերգեր։ Ժամը տասնին կիթառը կախեց տեղը։