Էջ:Barpa Khachik.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն մերկ իրականությունը այն էր, որ Մարիան, հակառակ իր ռոմանտիկական մտայնության, հակառակ իր դրոշակի պես պարզած անկեղծության և պարզության, չէր ուզած վերջնականապես հրաժարիլ Միհրանեն, առանց ապահով ըլլալու Բարունակի մասին։ Բարունակին առաջարկելով, ընկերաբար, գիշերը իր մոտ անցընել, դիվանին վրա, Մարիան մտածեր էր, առանց որոշակի մտածելու, որ Բարունակը՝ առանձին մնալով երիտասարդ կնոջ մը հետ, դուրս պիտի գար իր վերապահութենեն։ Մարիան մտադրեր էր դիմադրել անոր ցանկության, հիշեցնել Բարունակին, որ վայել չէր ընկերական հրավերը վերածել ուրիշ բանի։ Բայց Մարիան պետք չէր ունեցեր այդ ենթադրյալ կացություններեն ոչ մեկը դիմավորելու։ Բարունակը, առաջուց որոշված ծրագիր մը գործադրողի անայլայլ հանգստությամբ, հանվեր էր պատուհանի վարագույրին ետև և պառկեր էր դիվանին վրա, մինչև գլուխը ծածկելով և բնավ չի հետաքրքրվելով Մարիայով, որուն անկողնին մեջ, կարծես թե, շիկացած ածուխներ կային։ Գիշերնիբուն Մարիան խուլ ձայնով հառաչեր էր, հետո լացեր էր, ելեր էր անկողնեն, կրկին պառկեր էր և միշտ գտեր էր Բարունակը հանգիստ պառկած: Անիկա մինչև առավոտ խաղաղ քնով քնացեր Էր և ի դերև հաներ Էր սենտիմենտալ Մարիայի բոլոո ենթադրությունները։


Եվ այժմ Միհրանը անտարակույս կկարծեր, թե… Բայց և ինչպե՞ս ան կարող Էր գուշակել անիմաստ իրականությունը։


«Ես պետք Է խոսիմ Միհրանի հետ անկեղծորեն,— մտադրեց Մարիան,— և պետք Է կրեմ հետևանքները»։


Եվ Մարիային պատկերացավ մինակ ապրող երիտասարդ կնոջ անփառունակ կյանքը։ Մարիան կմտաբերեր իր ընկերուհիներեն շատերը, առանձին ապրող աղջիկներ, որոնք, կարծես, շարունակ գլխավոր հոգ մը ունեին, և որևէ տղամարդու ներկայությունը զիրենք կմղեր կա՛մ խուսափողական, կա՛մ հարձակողական անհարկի հազումներու։ Այդ կյանքը եղեր էր և իր կյանքը՝ Միհրանի հետ կապվելե առաջ։ Այդ կիներու համար, կարծես թե, էական բան մը չի