Էջ:Barpa Khachik.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը այս կամ այն կերպ լուծեն խնդիրը։ Յորկին խստորեն կքննադատեր Միհրանի նկարագրի այդ գիծը, կծաղրեր Միհրանի անվճռականությունը։ Միհրանը կընդուներ, որ Յորկիի ծաղրանքը արդարացի է, կհիանար անոր վճռականության վրա, որ կհայտնվեր մեծ և փոքր գործերու մեջ, բայց երբ առիթը ներկայանար, և այդ արգահատանքի զգացումը գրավեր զինքը, անզոր կդառնար անոր դիմադրելու։


— է՛հ, հիմակ ջանանք քնանալ,— ըսավ Միհրանը ինքն իրեն,— վաղը առավոտ թարմ մտքով կմտածեմ, թե ինչպես դուրս պիտի գամ այս խճճված վիճակեն։

                        *
                     *     *

Մարիան երբեք այնքան անկեղծորեն իր ներքին զգացումներու քննությունր չէր կատարած, որքան այդ օրը էտամպեն Փարիզ գացած միջոցին, գնացքին մեջ։


Ճիշտ էր, որ ինքը այն առաջին իրիկունն իսկ, երբ ծա– նոթացեր էր Բարունակին, խոր համակրություն զգացեր էր անոր համար և քանի մը օր հետո անդրադարձեր էր, որ բուռն սիրով կսիրեր Բարունակը։ Երբեք իր էության ամբողջությամբ այդպիսի ձգտում չէր զգացեր Միհրանին համար։


Քանի մը անգամներ Մարիան ուզեր էր անկեղծությամբ և ազնվությամբ խոսիլ Միհրանին իր այդ զգացումի մասին, բայց միշտ ընկրկեր էր այդ խոստովանությունը ընելու: «Ինչո՞ւ, ինչո՞ւ», կմտածեր Մարիան. ան միշտ դավաներ էր, որ անկեղծությունը և ճշմարտությունը գերիվեր են բոլոր նկատողություններեն։


Խնդիրը այն էր, որ Բարունակը, հաճախակի, գրեթե ամեն օր ըլլալով Մարիայի մոտ, մտերմանալով անոր հետ, այսուամենայնիվ ցուրտ և անզգա մնացեր էր Մարիայի զգացումներուն հանդեպ։ Մարիայի ռոմանտիկական մտայնությունը հազար արդարացուցիչ պատճառներ կգտներ Բարունակի այդ վերապահության, կմտածեր, որ անիկա կզսպեր իր զգացումները, որովհետև Մարիան կապված էր անոր ընկերոջ հետ, հետո, նյութական միջոցներ չուներ կացության պատասխանատվությունը ստանձնելու և այլ այս կարգի ենթադրություններ։