Էջ:Barpa Khachik.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ օրն էր նաև, որ ստացվեր էր Յորկիեն երկար նամակ։ Անիկա կգրեր Բեռլինեն և կհայտներ, թե անցագիր ստացած է Մոսկվայեն և շուտով ճամփա կելլե դեպի Խորհրդային Միություն, բայց ոչ մինակ։ Գերման ընկերուհի մը՝ էռնա անունով, խարտյաշ և գեղեցիկ աղջիկ մը, կթողուր հայրենիք, ծնողք, շրջանակ, ամեն ինչ, ընկերանալու համար Յորկիին դեպի նոր աշխարհը՝ «ուրկե,— կըսեր Յորկին,— ես ու կինս կվերադառնանք կամ կայցելենք խորհըրդայնացած Եվրոպա, ոչ իբրև օտարականներ, այլ իբրև խորհրդային ազատ և հպարտ քաղաքացիներ»։


Յորկին առանձին և երկար նամակ գրեր էր Միհրանին, որու մեջ կհաջորդեր այն պայքարի և ստույգ հաղթանակներու կյանքը, որու մեջ ինքը կուզեր աշխատիլ իբր պարզ զինվոր։ Իր կինը, էռնան, ոչ միայն համաձայն էր իրեն հետ, այլև եղեր էր իր ներշնչման գլխավոր աղբյուրը։ Ան իրեն բացեր էր նորատեսակ պայքարի այն հեռանկարները, որ Խորհրդային Միությունը ուներ իր առաջ, հասնելու համար իր բարձր նպատակներուն։ «Մենք, կհիշե՞ս, Միհրան,— գըրեր էր Յորկին,—ձգտելով հանդերձ դեպի հաղթական պրոլետարիատի երկիրը, կհամարեինք, որ սխալ կըլլար թողուլ մեր դիրքերը և երթալ այնտեղ, ուր հեղափոխությունը արդեն կատարված էր։ Մենք, անշուշտ, ճիշտ կմտածեինք, բայց այն վիճակին մեջ, որուն մատնվեցանք—մենք պատվով ինկանք մեր պատնեշներուն վրա,–, այլևս չենք կարող շարունակել այն դերը, որ կկատարեինք։ Բացի այդ, ճիշտ է, որ ռազմական հեղափոխությունը հաղթանակով լրացած է խորհուրդներու երկրին մեջ, բայց հեղափոխական գործունեությունը կշարունակվի շինարարության, մշակութային, կենցաղային և այլ ճակատներու վրա։ Եվ վերջապես, խորհրդային երկիրներու արտաքին և ներքին թշնամիները բոլորովին զինաթափ չեն եղած, և մենք դեռ շատ գործ ունինք կատարելիք։ Դուն, թերևս, կծիծաղիս, երբ կըսեմ մենք, բայց դուն չես կարող երևակայել, թե ինչքան արդեն ամբողջովին ես ինձ նույնացած կհամարեմ այդ մեծ գրոհներու համար զորաշարժի կանչված զինվորներու հետ»։


Հետո Յորկին խորհուրդ կուտար Միհրանին՝ ընել իրեն