Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պետք չէ,— ըսավ Բարպան և սկսավ ծխել, կարծես չընկղմած մտածումներու մեջ:

Վիկտորյան նստավ գետին և սկսավ մեկ֊մեկ պարպել սնդուկները: Անիկա գործածական հագուստները և իրերը կդներ հատուկ սնդուկի մը մեջ, իսկ մնացյալը կբաժներ երկու տեղի։ Կիսամաշ հագուստները կպահեր մեկ կողմ, հետևյալ առավոտուն հնավաճառը պիտի գար վերցնելու, իսկ բոլորովին անպետք բաները ուրիշ կողմ՝ աղբանոցը նետելու համար։ Այնտեղ կային հին հագուստներ, պատռած կոշիկներ, անգործածելի իրեղեններ։

— Ինչքա՜ն ալ ավելորդ բաներ տարիներով պահեր ենք,— մրմնջեց անիկա։

Վիկտորյան, սենյակի սնդուկներու բովանդակությունը ջոկելե հետո, գնաց մյուս սենյակեն բերելու մեկ-մնկ վալիզներ։ Ան աղբանոցը նետվելիքներու վրա կավելցներ անվերջ, երբ հանկարծ վալիզի մը խորքին մեջ գտավ Բեռնարներու տված դրոշակը։ Ցեցը կերեր էր, ծակ֊ծակ ըրեր էր կերպասը, և անոր գույները խունացեր, անորոշ դարձեր էին։ Վիկտորյան պահ մը վարանեցավ և հետո հարցուց.

— է՜հ, Բարպա՛, աս դրոշակը ի՞նչ ընենք,– ո՞ւր դնեմ։

Բարպան ցնցվելով սթափվեցավ իր մտածմունքներեն, պահ մը ակնապիշ նայեցավ ցեցակեր և խունացած դրոշակին, որ Վիկտորյան բացեր և բռներ էր, և ուժգին շարժումով մը ձեռքովը ցույց տվավ այն ավելորդ իրերու տեղը, որ Վիկտորյան պիտի նետեր աղբանոցը։


22. 12. 1936

Երևան