Էջ:Barpa Khachik.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Կուզե՞ս,— ըսավ Միրըանը,— Բարպային և Վիկտորյային հետ գալ, անոնք արդեն քեզ կհամարեն իրենց հարազատ աղջիկը։


— Միհրա՛ն,— գոչեց Մաննիկը սրտագին ձայնով։


Եվ անոնք, առանց այլևայլի, սկսան երազներ հյուսել իրենց ապագա միացած կյանքի մասին։


Քիչ հետո ընդհատվեցան իրենց քաղցր խոսակցութենեն. Վիկտորյան եկավ խոհանոց և ապուրը դրավ կրակին վրա, հետո ուզեց սեղանը դնել, բայց Մաննիկը թույլ չի տվավ։


— Ցացա՛, դուն նստե՛, հանգստացի՛ր,— ըսավ ան։


Վիկտորյան նստավ աթոռակի մը վրա և հիացումով սկսավ նայիլ Միհրանին և Մաննիկին, որ միասին սեղանին վրա կդնեին սպասները։


— Վա՜յ, ի՜նչ աղվոր բան Է եղեր աղջիկ մը ունենալը,– ըսավ Վիկտորյան և ելլելով տեղեն, բան մը փնտրելու պատրվակով մոտեցավ Մաննիկին և բազուկները բացավ՝ գրկելու համար աղջիկը:


Երկու կիները նետվեցան իրարու վիզ, և անոնք ջերմությամբ իրար կհամբուրեին և ուրախության արցունք կթափեին:

                        *
                     *     *

Ընթրիքեն հետո Մաննիկը և Միհրանը մեկնեցան Փարիզ, և Վիկտորյան ու Բարպան մինակ մնացին։ Անոնք անցան իրենց ննջասենյակը, որուն կարասիները պահեր Էին, և Բարպան նստեցավ թիկնաթոռի մը վրա և սկսավ անվերջ ծխել:


Վիկտորյան սնդուկները կդարսեր։ Անոնք երկուքն ալ որոշեր Էին որքան կարելի Է իրենց բեռները թեթևցնել, նախ՝ տեղ չունեին այդքան սնդուկ տեղավորելու համար Բրոկայի սենյակին մեջ և հետո՝ Վիկտորյան իր միտքովը կպատրաստվեր նաև հեռավոր ճամփորդության։


Աշնանային երեկոն ցուրտ Էր, և Բարպան, որ մսկոտ Էր, երբեմն կսարսռար։


- Կուզե՞ս, Բարպա՛, շըմինեն վառեմ,— ըսավ Վիկտորյան։