Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րե,— ըսավ տիկին Սյուզանը մեղադրական շեշտով,— այդ ահռելի գործադուլները…


Այդ միջոցին դռան զանգակը հնչեց պարտեզին մեջ, «Իդեալ սոցիալի» վարչության անդամուհիներ էին, որ այցելության կուգային։ «Այդ տիկիններն են», ըսավ Հանրին հպարտությամբ։ Բարպան առիթեն օգուտ քաղեց նահանջելու համար։ Գլուխը լեցվեր էր, կարծես պայթելու աստիճան, տիկին Սյուզանի խոսքերով։ Հանրին ուզեց Բարպային ընկերանալ, որպեսզի կայարանի ճամփան չի կորսնցնե, բայց Բարպան մերժեց, ամենուն ձեռքերը սեղմեց, նույնիսկ նորեկներուն, շնորհակալություն հայտնեց տնեցիներուն և մեկնեցավ։ Անիկա մինչև ուշ ատեն թափառեցավ Մըդոնի, Սևրի և մերձակա տեղերու մեջ, մեծ հաճույքով դիտելով տուները և անոնց շրջապատող պարտեզները։ Առանձին տուներու մեջ էլեկտրական լույսերը վառվեցան, երբեմն պատուհաններու ետևեն կտեսներ խարտյաշ կամ թուխ աղջկան գլուխներ, երբեմն ալ դաշնամուրի ձայնը դուրս կուգար, և նոտերը կարծես ոստոստելով կսուրային փոցոցներու մեջ։ Ամեն անգամ, որ Բարպան փոքրիկ կոկիկ տուն մը կտեսներ, կմտածեր, որ այդպիսի տուն մը պիտի վարձեր: Անիկա մտքովը հաշիվներ կըներ, բացի Միհրանի և Յորկիի աշխատավարձը, Բարպան կվաստակեր իր հուսացածեն ավելի, միջին հաշվով օրական հիսուն ֆրանկ… Արդեն Վիկտորյան երեք հազար ֆրանկ մեկ կողմ դրած Էր՝ կարասիներ գնելու համար։ Կյանքը կարծես թե կժպտեր Բարպային, և այդ դավաճան ժպիտեն հմայված, հաճույքի զգացումեն հոգին ընդլայնեցավ, կարծես ներքին հորանջում մը ունեցավ։


Գիշերը իջեր Էր արդեն, և գարնանային երեկոյան ցուրտը և խոնավությունը զգալի Էին։ Բարպան տեսավ, որ մոտ Էր տրամվայի գիծին և փոխանակ կայարանի ճամփան հարցնելու, գնաց դեպի կայան մը, ուր արդեն մարդիկ խռնված Էին:


Տրամվայը կուգար Վերսալեն և կերթար Լուվր։


— Անկեց ալ մետրո կառնեմ,– մտածեց Բարպան և հերթի մտավ տրամվայի համար։