Էջ:Barpa Khachik.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուժեղները, քանի որ ապագա ոստանին մեջ ոչ մեկ զինյալ ուժ չի պիտի ըլլա, որ հափշտակիչները զսպե. ես այս առարկության այսպես կպատասխանեմ, եթե լավ մը ճաշած ըլլաս, ուրիշին ճաշին վրա աչք կտնկե՞ս… կամ թե, երբ կարող ես հասարակաց պարտեզին մեջ նստարանի մը վրա նստիլ, հանգստանալ, միտքեդ կանցնի՞ մյուս պարապ տեղերը գրավել, կամ թե…


Տիկին Սյուզանի ձայնը խեղդվեցավ հազի բուռն տագնապի մը մեջ. Հանրին և քույրը վազեցին բաժակ մը ջուր բերելու։ Տիկինը ջուրը ումպ-ումպ խմեց և հանգստացավ, բայց և իր ոգևորությունը անցավ։


— Միշա այսպես է,— ըսավ Հանրին՝ Բարպային դառնալով, և անոր նուրբ հոնքերը անբացատրելի արտահայտությամբ մը խաղացին ճակատին վրա։ Բարպան չի հասկցավ, թե այդ՝ ամուսնույն կողմեն գանգատի արտահայտությո՞ւն էր, թե հիացմունքի։


Տիկին Սյուզանը խզված ձայնով դեռ խոսեցավ, թե ինչ միջոցներ պետք էր ձեռք առնել մարդկանց մեջ անասնական բնազդները չքացնելու և առհասարակ բարքերը մեղմացնելու համար։ «Որովհետև,— կըսեր ան,— այդպիսի մարդիկներով միայն կարելի էր ապագա ոստանը հաստատել»։ Տիկին Սյուզանը շատ մեծ հույս դրած էր երաժշտության վրա, նաև մարդկանց սննդական ռեժիմին վրա։


— Միսի գործածությունն է, որ մարդս գիշատիչ կդարձնե,— ըսավ անիկա։


Այդ նկատառումով «Իդեալ սոցիալը» հաստատեր էր վեգետարիական ճաշարաններ, մասնավորապես, ընկերությունը կուզեր մեծ գործարաններով մոտ հաստատել վեգետարիական ճաշարաններու ցանց, ուտելիքը պիտի տային առատ և աժան, այդ խնդրին մեջ պիտի օգնեին նաև գործատերերը։


— Շահագրգռված են,— ըսավ տիկին Սյուզանը,— դիտված է, որ միս չուտող, գինի չի խմող բանվորները մեղմ կըլլան, բուռն արարքներու չեն դիմեր…


— Այսինքն՝ ոչխար կդառնան,— ըսավ Հանրին և հանկարծ ծիծաղեցավ։


— Ի՞նչ լավ բան կսպասես, Հանրի՛, բուռն արարքնե–