Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բազմազան դրսևորումների վերաբերյալ սկզբունքորեն նոր տեսակետը: Աստղերում և գալակտիկաներում անկայուն երեվույթների ուսումնասիրման աշխատանքները կարևոր դեր են խաղացել գալակտիկաների կորիզների ակտիվության գաղափարի ձևավորման ու զարգացման գործում: Հայտնաբերվել են շուրջ 10 գերնոր, հարյուրավոր անկանոն Փոփոխական աստղեր,100-ից ավելի գիսավորաձև միգամածություններ ու Հերբիգ Արոյի օբյեկտներ, շուրջ 100 առաքումային աստղեր, մի քանի տասնյակ մոլորակաձև միգամածություններ և բաց աստղակույտեր, տարբեր բնույթի կապույտ օբյեկտներ և այլն:

Բյուրականի աստղադիտարանը որոշակի ներդրում ունի ԽՍՀՄ-ում արտամթնոլորտային աստղագիտության զարգացման գործում: Բյուրականի աստղադիտարանի մասնագետների անմիջական մասնակցությամբ են ստեղծվել «Օրիոն» և «Աստրոն» աստղագիտական համալիրները, ինչպես նաև աստղերի և գալակտիկաների հեռավոր ուլտրամանուշակագույն ճառագայթման ուսումնասիրմանը ծառայող «Գլազար» կայանը: Բյուրականի աստղադիտարանում աշխաանքներ են տարվել նաև աստղաֆիզիկայի հարակից գիտությունների գծով, որոնք հիմք են դարձել նոր հիմնարկների (ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո, Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ) ստեղծման համար: Աստղադիտարանը համագործակցում է խորհրդային և արտասահմանյան (ԱՄՆ,Անգլիա, Բուլղարիա, ԳԴՀ, Իտալիա, Հտւնգարիա, Մեքսիկա, Ֆրանսիա, Շվեյցարիա և այլն) աստղագիտական մի շարք հիմնարկների հետ:

Աստղագիտական դիտումներն առավել բարենպաստ պայմաններում կատարելու նպատակով նոր աստղադիտարանի համար տեղ է ընտրվել Եղեգնաձորի շրջանի Քարագլուխ գյուղի մոտ (ծովի մակերևույթից մոտ 2800 մետր բարձրության վրա), որտեղ կտեղակայվեն մի շարք նոր աստղադիտակներ: 1967 թվականին Բյուրականի աստղադիտարանը պարգևատրվել է Լենինի շքանշանով, իսկ 1973-ին հաստատվել է որպես ԽՍՀՄ-ում արտագալակտիկական հետազոտությունների կոորդինացման կենտրոն:


1946 թվականից Բյուրականի աստղադիտարանում հրատարակվում է «Բյուրականի աստ-