սևոարակ բարձրությանց. հյուծյալ կանչի մը բիծերը կկրեն ուռուցիկ ուսերուն վրա, խրամատվող բացվածքներ կերևին մարդոց և կենդանիներու ոտքին ստեղծած արահետներուն կից, որոնք խարդախ դարձվածներով անհետելե վերջ փոսերու գիրկը, նորեն գլուխ կուտան, կդառնան ու կմարին զառիվերի մը մեկ անկյունը:
Անհրապույր, լերկ բլուրներ, որոնց վրա ուրուրի մը ստվերը կպտուտքի երբեմն, կաս-կապույտ երկինքին տակ:
Վանքը հաճոյության տեղ մը չէ. այսքանեն ալ գոհ եմ, ինչպես ըսի գեղեցկուրթյուն իսկ կտեսնեմ այս բոլորին վրա: Գեղեցկությունը վարդապետի մը հոգվյուն մեջ պետք է ապրի, ինչպես սուրբ նախահայրերու սիրտը անով սնավ, Հոգևորականը հետին թշվառության մեջն իսկ մխիթարություն պետք է որոնե, և մխիթարությունը գեղեցիկ գործի մը գոհունակութենեն կծագի:
Երբ մեծ արահետը կիյնամ, ցամաք առուի մը կավոտ, կծկված անկողնեն անցնելով, կհանդիպիմ եզներե և գոմեշներե լծված խոշոր սայլերու, որոնք խար կկրեն. չոր խոտի բրգացած կույտեր անոնցմե դուրս կհորդին, և անոսր թեյի բույրը կհագեցնե իրիկնամուտի մթնոլորտը. կշնչեմ, ու նիհար կուրծքս կբարձրանա հաճույքով: Ասիկա գեղջկական բան մըն է, որ մանկությունս կհիշեցնե ինձի:
Սայլերը համրորեն կթավալին խորդուբորդ արահետներեն, մինչ անիվներուն երկարորեն միօրինակ ձայնը երաժշտության մը պես կլեցնե հոգիս. բուրումը և երաժտություն ներդաշնակություն մը կկազմեն, ու այս ներդաշնակությունը համաձայն է աստվածային կամաց, որովհետև մաքուր է իր տարրերուն մեջ:
Ընկերանալով հեզ ու տրտմական անասուններուն, մինչ անոնք կկենան գոմերուն մոտ, ես կբարձրանամ վանքին մեծ դռան առաջ փռվող գերեզմանատունը:
Գետակի կամրջակեն անդին, մեծ ուղին վրա, ոսկեզօծ փոշիներու մեջ թավալող հեծյալներ, հետիներ, սայլեր կնշմարեմ, չեմ գիտեր՝ ո՞ւր կերթան. սակայն երանի՜ իրենց...
Իրիկունը եկած կըլլա արդեն. հեռո՜ւն մանիշակի խիտ երանգի մը վրան հորիզոնը կարմիր է միշտ, կաթկթող արյունի կարմրությամբ, անկե վեր ոսկեգույնն ու ծիրանին կթռվռան, մինչ զենիթին վրա լուրթ կապույտը դժգունած է...
Լեռանց ու ծովերու վրա պերճ վերջալույսեր տեսեր եմ, հիմա դաշտայինը կվայելեմ. ինքնատիպ չէ, բայց շատ թարմություն կա ասոր մեջ, զով երանգներ վառ գույներու կհաջորդեն, և տափաստանները մշուշին տակ համրորեն անորոշիլ կսկսին: