Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պե՝կ, պե՝կ,— հառաչեց ծերունի Համբոն։

Հասոն ցնցվեցավ ու սուլեց կատաղորեն։

— Ի՞նչ կուզեք, մեռնի՛լ, շան ձագե՛ր, վատազգինե՛ր, ձգեցե՛ք զիս, — էշզիան ձեռքը խանչալին մոտեցուց՝ դեպի գոտին սպառնական ու երբ ձեռքը գոտիեն ուժգին վեր բարձրացուց, ուլունքե գույնզգույն քիսե մը գետին ինկավ։

Ծերուկ Համբոն ուշադիր դիտեց քսակը։Հարսը ծռեցավ քսակին վրան։Քյուրտը բռնեց հարսին թևեն ու գոչեց․

— Ի՞նչ կնայիս, ստամպոլցիին քսակն է, քովս երկուր սանկ․․․

— Վա՜յ, Պետոյին քիսեն,— գոչեցին ցավակոծ, ուժասպառ երեք գյուղացիները։

Էշզիան ցնցվեցավ, չորս կողմը դիտեց զարմանքով ու անհոգ գլուխը դրավ գետին։

Պառավը շարժվեցավ ուժգին դողով մը ու անկյունը փռվեցավ։Համբոն շանթահար ինկավ կոնակին վրա։Կես մը հակած՝ Գոհարը վեր ուղղվեցավ, շրջեցավ սենյակին անկյունները, դարձավ քյուրտին մոտ։

Քյուրտը դոցած էր աչքերը ու կշնչեր արագ։

Գոհարի գլխուն մեջ ծանր մարմին մը կշարժեր, ու իրերը կպարեին իր մթագնած աչքերուն առջև։

Էշզիան բացավ նորեն աչքերը, հարսին ուղղեցավ և ըսավ․

— Ի՞նչ կըլլաք, կսպանեմ ձեզի, հա, ամենքդ ալ մեկ դանակով, ստամպոլցիին պես,— հետո հրամայեց․— հարս, մոտ եկուր, շուտ․․․

Էշգիան կես մը վեր ելավ,ձեռքերն երկարեց Գոհարի կողմն ու անոր թեզանիքեն քաշեց ուժգին։

Վրեժը հարսին կուրծքը ուռեցուց։

Պետոյի դիակը տեսնալ կարծես էշզիային քով, մոտեցավ Հասոյին ու հակեցավ անոր վրա։ Հրոսակը հեշտորեն գոցեց աչքերը, անցուց բազուկներեն մեկն հարսին մեջքին ու իրեն քաշեց։

Ակնթարթի մը մեջ հարսը խլեց խանչալը պեկին մեջքեն ու անոր ուսը մխեց մինչև երախակալը։

Հասուն ցատկեց վեր վիրավոր կորյունի մը նման մռնչելով։

— Ա՛հ, կյավուր կին, ղիս սպանել կուզես։

— Այո՛, շան ծնունդ, դուն իմ արյունս խմեցիր, Պետոս, ախ․․․— գոչեց մոլեգին հարսը ու հարվածն երկրորդեց։

Քյուրտը մեկ ձեռքով գրկած հայուհին, մյուսով վեցհարվածը կջաներ պատյանեն մերկացնել։

Կատաղի էգի մը ու հպարտ արուի մը ամեհի պայքարն էր աս, որ հինգ վայրկյան տևեց։