Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոհար անկյունը ցցվեցավ, տաքություն մը մարմինեն անցավ ու մոտեցավ քյուրտին: Ծերուկ Համբոն գետին կնայեր մթամած:

-Քիչ դրամ չէր, Համբո, աստծո համար, հիսուն կարմիր թանկ քսակով մը, հիսուն կարմիր: Ստամպոլեն կուգար,- շեշտեց քյուրտը:

Տեսակ մը կրակ հարսին թուշերը վառեց, ու գլուխը կայրեր կարծես: Համբոն հիմարի պես կնայեր էշզիային:

—Է, պեկ, Ստամպոլեն:

—Այո, անանկ:

—Քանի՞ տարու էր, պեկ, կներես, քանի՞ տարեկան,- ձայնեց ցավագին ծերուկը:

Տեսակ մը նախազգացում իր հոգին կալեկոծե: Հաբա հարսի՜նը:

—Է, է, աղտոտ մարդ, ադ ինչ լեզու, քեզի ինչ, հա, երեսուն մը կար: Տղամարդ ըսի:

—Հարսն էշզիային մոտեցավ քայլ մը:

—Այդ մարդը իր Պետոն էր: Օ, սուրբեր, չար սուրբեր: Չուզեց խորհիլ ատոր վրա: Ոչ, ոչ, մտածեց, բնավ: Բայց կասկածը սիրտն երկաթներու մեջ կդներ. ինչպե՞ս հարցներ քյուրտին՝ գիտեր մարդուն անունը:

Էշզիան ժպտեցավ կիրքով պեխերուն տակեն հարսին ու ըսավ խընդալով.

—Համբո, հարսդ ինչ աղվոր է, ատ ինչ պոյ... Համբո չլսեց, հարցուց փաղաքշանքով.

—Պեկ, տղան Ստամպոլե՞ն կուգար, հա՞, ոտիցդ մատաղ:

—Այո՛:

—Պեկ, ոտքերդ պագնեմ, մատաղ քեզի, պեկ, ի՞նչ ըսավ:

—Ի՜նչ ըսավ... Ի՞նչ կըսե, հայ մը մեռավ հորթի մը պես:

Հարս ու կեսրայր ակնարկով ղիրար չափեցին: Ու միևնույն չարաշուք մտածումը նորեն խայթեց երկու հոգիները: Պառավն անկյունը կհեկեկար գաղտուկ:

—Երկննամ, հոգնած եմ- հորանջեց հրոսակը ու ավելցուց,- ինչ աղվոր հարս... ինչ աղվոր հարս: Քովս հկուր, ջանս:

—Պեկ, պեկ,- մնջեց հեկեկանքով Համբոն:

—Պեկ,- մրմնջեց հարսն որոշ, ձայնը կխեղդվեր կուրծքին մեջ:

—Ի՞նչ կուզեք, ի՞նչ կուզեք, խոզի ձագեր, ձգեցեք զիս հանգիստ,- աչքերով հարսին մարմինը չափելով՝ խոսեց էշզիան:- Համբո, կանուխ պիտի երթամ. ճերմակ հաց, հավկիթ, սեր պատրաստե,- շարունակեց քյուրտը:

Խորին մահվան անշարժությունն հաստատվեցավ հյուղին մեջ, բայց չարաշուք կասկած մը հոգիներեն ներս սպրդած էր: