Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավաշները հանելով, հազար սուրբի մոմ եմ վառեր ու տակավին վիճակս աս է, ով տեր, զորությանդ մեռնիմ: Այս ամենին մեջ անհուսահատություն մը կար. Զարման անցյալին հիշատակները կգրգռեր, անոնց մեջ հուսադրող բան մը չէր գտար: Սակայն կուժեղնար հավատքով հանկարծ, որովհետև նոր տարիեն բարիք մը կսպասեր, ամուսինին վերջին նամակն ալ հուսադրող էր մի քիչ:

Դեկտեմբերի վերջին օրն ալ կանցներ մռայլ ու հողմակոծ: Առավոտեն մինչև երեկո անընդհատ ձյունի մանր հատակները գորշ պաստառի մը վրա հողմեն հալածական կպարեին, ու սահմանավոր հորիզոն մը կճնշեր գյուղին մոտավոր հյուղերին վրա իսկ: Զարման տքնեցավ կազանդի վերջին պատրաստություններուն, պղնձե տապակներուն մեջ լեցուց ընկույզն ու չոր նուշը, չոր թութն ու խնձորի կտորները: Խոշոր, բոլորշի պզնձե ափսեին մեջ տեղավորեց պահքի կերակուրները ու անկյուն մը զետեղեց: Երկու օրե ի վեր ծոմ էր, ոտքերուն մեջ, սրունքներուն վրա թափը կպակսեր, բայց զվարթ կուզեր ըլլա, ճիգ մը կըներ հաղթելու իր ընկճված մարմինին: Կսպասեր անհամբեր մութին, կուզեր այդ կաղընտի գիշերվան առաջին լոգացողն ինք ըլլա՝ նոր տարվան ամենեն բախտավորն ըլլալու համար: Օրն ուշ կվերջանար: Զարման տղու մը չափ անհամբեր կդառնար: Երդիկին խափանքը ծածկված բոլոր փոքրիկ պատուհանները ներսի սենյակի գոցված էին լաթով ու հոն տաք, քրքջալիր շաղակրատումմը արդեն կսկսեր այր մարդոց մեջ: Խռյուններն օջախին մեջ կճարճատեին ու փուխերիկեն խուժող հովի հոսանքեն թափով մը կբռնկեին հառաչաձայն:

-Ի՜նչ ձյուն, ի՜նչ ձյուն,- մենախոսեց զարման,- կերևի թե լաճեր դուրս չպիտի կրնար ելլել այս բուքին պտուղ հավաքելու համար:

Բակին մեջ մութը կիջնար առարկաներն անորոշելու աստիճան:Հարսը մաքրեց սահաններն ու անորոշ գոհունակությունով մը քաշեց լաչակը բերնին ու ձեռքերը կարմիր գոգնոցի վրա բևեռած՝ մտավ սենյակ:

-Նստե, հարս,- խոժոռ ձայն մը անկյունի մինտերեն բարձրացավ:

Զարման կծկվեցավ:

Օճախին մեջ խռյունները կճանաչվեին ու երբեմն լույսով կողողեին բոլոր տնեցիներուն դեմքերը: Խոսք չկար, հանդիսավոր գիշեր մը, նոր տարիին գիշերը, հետո ճրագ ալ պետք չէր վառել՝ օճախին լույսը կբավեր:Բոլոր գեղջուկ ճակատներն ալ թաղված երազի մը մեջ, որ չէր լրանար, չէր հատներ, ոմանք ծալլապատիկ արմունկնին հեցած ծունկերու ու իրենց ափերով այտերը բռնած: Ծերուկին թեզպեհը բզզացող շառաչող մը