Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Տղաք, երեք ժամվան ուղի ունինք, պետք չէ աճապարենք, տակավին ցերեկ անգամ չէ,— ընդմիջեց Սիմոն։

—Լա՜վ, բայց անգամ մը անցնինք Ղան տերեսիեն, — ավելցուց Ակոն։

—Մի վախնար, Ակո, ցերեկ օրով հոն ավազակ չի մնար։

—Է՜․․․

Երեք մարդերը պահ մը գետինը նայեցան ու կրկին խթանեցին էշերը։ Հուլիսի վերջն էր, տաք արև մը կիջնար դաշտին վրա, ու հեռուները գորշ մանիշակի երանգներով հողերեն վեր գոլորշիները կբոցավառվեին։ Թռչունները կանցնեին հողերու մոտեն դանդաղ գնացքով, ու հարդատանիքներ կողմնակի, հեռավոր անջրպետներու մեջ կլուծվեին։ —Տղա՜ք,բան մը իմացա՞ք։ —Ի՞նչ, Ակո,— հետաքրքիր գոռացին երկու ընկերները։ —Վեց նահանգներուն խնդիրը․․․ —Վեց նահանգնե՜րը․․․է՜, լրացած է, լրացած, Վահան վարժապետ էդպես ըսավ, Ինկլիղն էր որոշեր, քիչ օրեն ազատություն պիտի ըլլա, — վրա տվավ Սիմոն։

—Մեռի՜մ, — պոռաց Ակոն, — ապրի հայուն պաշտպանը, — ու կասկածով շարունակեց։— Բայց, տղաք, հայը շատ խաբված է, այդ ալ, թերևս, սուտ է․․․ հա՜յ, վա՜յ․․․ —Սուտ, սուտ, — դժգոհանքով խոսեցավ Գրիգորը, — ի՜նչ կըսես, Ակո, կըլլա, խաղալիք է Ինկլիզին խոսքը։

—Է, ո՞վ գիտի, տղաք, թերևս օղորմի աստված, աս ապաշխարանքին, — վերջացուց Ակոն։

Դաշտին արահետը կհակեր, զառիվայրն զգալի կըլլար հետզհետե, ու Ղան տերեսին կնշմարվեր։

Էշերն ավելի կդանդաղեին ու կցնցվեին իջնելով։

Խոսքը դադրեցավ, լուռ ու մունջ կիջնային երեք չարչիները։ Երեքն ալ անզեն էին ու երեքն ալ հաղթ հասակով։

—Տղաք, զենք ունի՜ք, — հարցուց Գոգոր։

—Զենք, ի՞նչ ընելու համար, — կրկնեցին ընկերները։

—Դե՜ղ կըլլար, — ժպտեցավ Գոգորը։

Իջնող արահետը կասեցավ, ու երկու ծառախիտ, ժեռոտ բլուրին միջին շարունակեցին իրենց ճամբան։

Արևը շատ ավելի այրող էր հիմա,ու ֆեսերը մինչև ճակատ ծածկող չալմաներուն տակեն քրտինքը կհոսեր առատորեն երեքին ալ թրծված դեմքերուն վրա։

Ձորը կանգնեին, վերջին զորեղ կանաչով ծածկված ծառերու միջեն։