գռիհներու դրկից ջրանցքն է, նրբիրան ջուրը: Վենեցիայի շնորհը, հրապույրը, գոյության իրավունքը: Ամսթերտամը սրամիտ, Լահեն տափակ ունեին ջրանցքներ, բայց այս քանալեթթոններու շնորհ աներևակայելի է: Ասոնց մեջ ջուրն, իրավ, չունի սխրալի կապույտը Պոսֆորին: Այդ ջուրերը գորշականաչ, դեղնամետ, անշարժ ու տրտմորեն հիվանդ են, բայց ինքնատիպ մաշված կարմրագույնները կայքերուն անոնց մեջ կխայտան, մավրիկգոթական լուսամուտները հոն կհորանջեն, մարմարե քիվ մը ժանեկավոր ու գմբեթներ ռոմական կժպտին: Բյուզանդական ճակատ մը որմե մը կառչող խաչելություն մը՝կմրափեն հաճախ հոն: Կրկին քաղաք մը կանդրադառնա անոնց մեջ: Բարձր բանված որմերու վերևեն ցայտող կապույտ մը կսուզվի ջուրերուն խորը կամ դժպի դիմակը ամպերու սրաթույր: Հոս-հոն լայն վեմով կամրջակներ կոստնուն անցքե մը ուրիշ անցք, ու Հոն Ուաթոն՝ հայրը բոլոր Բոնթեներուն, ուր ապրեցավ քրիստոնեի մսին կարոտ Շայլոկը: Ոչ մեկ փոթորիկ կպրկե Քանալեթթոներուն ալիքը ու կխազարանե ջրերը: Ալիք չիկա, թույլ հծծուն մը միայն, թույլ, անիմանալիորեն տարտամ որմերուն տակ: Ամեն կողմ այս դարձդարձիկ ջուրը, որ կպտտի, կթեքի, պալատներու մեջքին կպլլվի,կայքերուն ծոցը կմխրճի, անկյուններե կխուսի,կանձկանա, օձի մը իրանը կհագնի, կլայննա, հոս լույսով ողող, հոն երիցս դարավոր որմերու ընդխառնումին մեջ մթին, սգազգեստ, անկյուն մը ողող կապույտովը երկինքին ու պորտը սարսռուն արևին ջերմին հպանքներով, տեղ մը մտասքող, ամաչկոտ, մենավոր: Ջրանցքը կշինե Վենեցիայի ժպիտն ու կյանքը: Տակավին այս բանաստեղծությունը թերի պիտի մնար,երբ երջանիկ ներշնչում մը ջրանցքին եղբայր մը չի տար,զայն չի ոգևորեր կուրով մը, որ քնար մըն է միանգամայն:
Կոնտոլը: Երկար, նրբիրան, սևազգեստ, ջութակի մը գլուխը հիշեցնող ցռուկներով: Չիկա փոխադրության միջոց մը, որ այնքան դյուր, ներդաշնակ գա իր միջավայրին, քան՝ կոնտոլը, ջրանցքներուն ոգին, խանդը անոնց տրտում ջուրերուն: Մաշված տուներու մենության միստիկ լրջության ջուրերու անզգաց անշարժության մեջ՝ իր անցքը փայլակի մը նշուլանքը, երգի մը, հառաչանքի մը, ժպիտի մը թովքն է, երբ թպրտալով, սրսփալով, արբեցողի մը պես երերուն կանցնե իր սև, նրբին իրանը, անհետ կդառնա անկյուններեն: Այդ պահուն ջրերու ի՜նչ հրճվագին շարժում, որպիսի՛ հեծեծանք որմերուն տակ, ի՛նչ քաղցր դաշնություն, ծափ-ծափ մը գգվող այլակներու՝նավակին կողերուն վրա, ծանր, դարավոր զրուցի մը պես անհասկանալի ու հետո կրկին անշարժությունը,հուզվող, սարսռացող երգող տարրին, ու անզգաց լռությունն անոր վրա: