Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրնա ըլլալ որ սխալիմ ուսուցչին մեջ տեսնելով ազնիվ բաներ. հոգ չէ, լավ է խաբվիլ, ապրելու մեծագույն անհրաժեշտությունն է ան թերևս...

Երեկոյին իսկ պարոն Ալեքսանդրը վանահոր տարի: Վեհարանեն մեր ներս մտած միջոցին հայր Վարդանը զբաղված էր զույգ մը ծիրանեգույն տատրակներուն կեր տալով: Զարմանալի ու զվարճալի է այս մարդը. կամ իր իսկ ձեռքով զտած օղին կխմե, կամ կզբոսնու տատրակներովը:

Եկեղեցիով քիչ կհետաքրքրվի, թեև աղոթելու կուգա շաբաթ երեկոները: Զվարթ տրամադրությամբ ընդունեց մեզ: Երբ խոսքը ազգային հարցերուն շուրջ դառնալ կսկսեր, կրկին իր տգիտությունը երևան կբերեր: Այս մարդը ամեն բան կարհամարհե՝ սկսպտիկ ծիծաղի մը հետ ուսերը ցնցելով: Խրիմյանին վրա կխնդա: — Ես անոր հետ տասը տարի ապրած եմ, ինչ ըլլալը գիտեմ...հետո բոլոր հեղափոխականները հիմար ու ազգավեր են, — կկրկներ:

Գիշերը երկարորեն խոսեցա պարոն Ալեքսանդրին հետ. բնիկ մշեցի է, ուսուցչական պաշտոնով շատ մը գավառներ պտտած: Դեպքին, կորսնցնելով ամեն բան, ծնողք, եղբայրն ու քույրերը, իբր ամուրի և մենավոր աշխարհի վրա՝ լավ սեպած է վանքին մեջ պաշտոն առնել՝ նվիրվելու համար որբերուն: Կյանքը խոհեմ դարձուցած է զինք, շատ չի խոսիր, հարգալիր է ինձ հանդեպ, չունի Պոլստ շիք երիտասարդներուն անպատկառությունը:

Գավառի ուսուցչին տիպարն է իր հնոտի և կարճցած հագուստներով, աղտոտ շապիկի մը վրա առկախ, հավետ ծուռ, վեր հլած փողկապովը, սակայն ինչ որ կելլե անոր ներքին էութենեն՝ ջինջ կերևի: Հայերենը շատ մաքուր է, գաղափարները հասուն են, նույնիսկ, երբեմն հանդգնության կհասնի քողարկված բառերուն ետևեն:

Խոսեցանք նաև որբերուն մասին, ճշմարիտ կարեկցություն մը ցույց կուտա անոնց հանդեպ. ես թեթևացած կզգամ ինքզինքս, բաժնված տեսնելով հոգածության բեռը:


Ե

Դեկտեմբեր...

Եղիազարին ալ տարի պարոն Ալեքսանդրը: Քարե սանդուղներե վեր բարձրանալով անցանք աղյուսով սալարկված ու դեպի բակը նայող կամարավոր նրբանցքեն, որ իր խցիկին կհանգեր:

Երբ ներս մտանք, կաշեկաղմ ձեռագիրներու դեզի մը մեջտեղ նստած հին ավետարան մը կթղթատեր: