Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանդի օրերեն: Անօգուտ կըլլա. մի՛շտ նույն ցավատանջ վերջավորությունը, նույն արյունի նագարաթն է, աղեխարշ անցյալ օրերու արձագանքը:

Հետո ավելի հուզիչ բան մը կա: Անցյալ տարվան նախճիրը վերջակետը դրած է իրենց մանկական շնորհալի ու թերևս երջանիկ հիշատակներուն: Դեպքեն ասդին կսկսի կյանքերնին. անցյալին կնային իբրև առասպելներու շփոթ աշխարհի մը, շատ անգամ չեն հիշեր իսկ զայն, իբր թե երեկ ծնած ըլլային:

Առաջին գիշերները խաղաղ անցան, քանի որ ննջարանները այցելելով կլսեի իրենց խոր և հանդարտ շնչառությունը. իսկ հիմա, երբ իրենց գիշերային տրտունջներն ու գաղտ հառաչները կլսեմ, կըմբռնեմ, թե երկարատև ճամփորդության մը հոգնության արդյունքն էր նախկին մեկ-երկու օրերու անդորրությունը:

Ամենեն փոքրը, խաչերը, արթուն կտեսնեմ միշտ. ինչո՞ւ չի կրնար քնանալ այդ փոքրակազմ տղան. միակն է, որ լավ հագված ու հիվանդութենե զուրկ էր. Ան ի՞նչ սիրուն դժգույն դեմք մը, գորշ-կանաչ մեծ աչքերով, որ ազնվական ու մեղմ շարժումներուն հետ հոգնած ու թախծալի արտահայտություն մը կուտա իրեն: Իմ փայփայանքներուս կպատասխանե լռին՝ այլ արտասվալիր ակնարկներովը, անգամ մը միայն պնդումներուս տեղի տալով պատասխանեց, թե մորը վրա կխորհի: Ընկերները ըսին, թե Կ... քաղաքի մեծագույն հարուստն էր հայրը. տանը պարտեզին մեջ իր թուրք ծառաները սպանեցին, գլուխը հոր մը նետելով, իսկ մարմինը՝ ավազանին մեջ: Խաչեր ինքն ալ կհիշե այս մանրամասնությունները:

.......................................................................................

Բարեբախտաբար որբերու հասնելեն քիչ վերջ եկավ մեր ուսուցիչը: Շաբաթ իրիկուն եկեղեցիեն վարադարձիս տեսա զինք շփոթած, հարցական դեմքով մը: Ներկայացույց իր հանձնարարագրերը, և ծանոթացանք իրարու:

Քառասունին մոտ անձ մը, միջակ հասակով, խիստ դիմագծերով. դեպի թարթիչներն հակող թուխ հոնքերուն տակեն շեշտակի կնային իր սև ու այրած աչքերը: Խե՛ղճ ուսուցիչ, շատ տառապած կերևս, և ո՞վ չի տարապեցավ այս երկրին մեջ: Հակառակ խիստ երևույթին՝ ձայնը մեղմ է, վեհերոտ ելևէջով մը, որուն մեջեն թերևս հանդուգն այլ ազնիվ հոգի մը կխոսի:

Զարմանալի չէ՞, առաջին հանդիպած բոլոր անձներու մեջ տեսնել կկարծեմ ունեցած երազներուս իրականացումը ու գրեթե միշտ ալ սխալած եմ: Դյուրախաբ սրտի մը հարածուփ կյանքն է իմինս. համակրանքն ու ատելությունը շուտով բույն կդնեն հոգվույս մեջ, շուտ ալ կմարին: