Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն առավելություններեն, որոնք մեկը կամ մյուսը կբնորոշեն, և կամ սրբագրելու համար այն թերությունները, որոնք օտար ազդեցությանց, միջավայրի, քաղաքական ազդակներու տխուր հետևանքներն են, կամ մտավորական կամ գեղագիտական կյանքին անարյուն զարգացման արգասիք: Թրքահայը պետք ունի արևելյան հայ գրականության կենսունակ, խիտ ու խորքով գործերուն՝ բարձրանալու համար իր միամիտ մակաերեսայնութենեն, ընդգրկելու՝ իրեն համար տակավին փակ ու անծանոթ գրական սեռեր ու միտքեր: Իսկ ռուսահայ մտավորականությունը պետք է թափանցե թրքահայ գրականության մեջ՝ քաղելու անկե լեզվական ճկունությունը, ներդաշնակությունը, գեղարվեստական բավական ամուր բարձրությունը, վերջապես մեր աշխարհաբարին բավարար կատարելությունը:

Ահա թե ինչու համար Շիրվանզադե որևէ հայ հատվածի պատկանելե առաջ հայ ժողովրդինն է գերազանցապես ու անոր համար սարքված հոբելյանն ալ համազգային հանգամանք պետք է ստանար և ստացավ: Խումբ մը թրքահայ մտավորականներ գրական հիշատակարան մը պիտի կանգնեն մոտերս ի պատիվ վարպետին, ու Ոստան անոր գործերուն մասին տալով այս վերլուծական ուսումնասիրությունը իր ընթերցողներուն՝ կկարծե մասնակից ըլլալ այն զմայլանքին, որով պետք է լեցվի հայ ժողովուրդը հանդեպ գրագետին:

Շիրվանզադեի գրական գործը ամբողջություն մին է գրեթե. ռուսահայ և կովկասահայ կյանքին համադրությունը՝ արտահայտված նրբախղճորեն զորավոր, զգացական արվեստով մը,նորավեպերու, վիպակներու, վեպերու ու թատերգությանս մեջ:

Կանուխեն, քսաներկու տարեկանին (1880) սկսած է գործունեության, ու թերևս հազվագյուներեն մին է մեր գրականության մեջ, որ գրականությունը արվեստ ըրած է իրեն, ապրած է գրողի արվեստով, լրջորեն ըմբռնած գրագետին պաշտոնը, դերը, կատարելիք գործք ընկերության մեջ: Թեթևագնաց, կամայական արտադրողը չէ ինք՝ մղված երևալու, հռչակվելու տենչեն, այլ ավելի հզոր, ավելի խոր, ներքին դըրդումով մը նետված է ասպարեզին մեջ, գրականության ճշմարիտ սիրով: Իր կենսագրությունը մեզի ցույց կուտա, թե այս գրողը դժբախտ ու տարուբեր պատանեկություն մը ունեցած է, դաժան, բայց ազնիվ հայր մը, մայր մը՝ քնարական հոգիով. ու դաստիարակությունն ալ բախտին չար բերումով անկատար, կցկտուր, անձև բան մը եղած է: Ուրեմն Շիրվանզադեն, ինչպես մեր տաղանդավոր գրողներեն շատեր, ինքը կերտած է