Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԻՐՎՆԶԴԵԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ

(Գրական, քննադատական ուսումնասիրություն),

Մայիսի քսանմեկին տոնվեցավ ռուսահայ տաղանդավոր վիպագիր-թատերագիր Շիրվանզադեի երեսնամյակը Թիֆլիսի մեջ: Արժանի վարձք անխոնջ գրողին, որուն գրական գործը ընդարձակ, խոր, տոկուն՝ անտարակույս պիտի մնա տասնևիններորդ դարում ու սա քսաներորդի սկզբին գեղեցիկ գրական ժառանգներեն մին ապագայի մեր գրականության:

Երբ Մերով կբնորշեմ հայ գրականությունը, անշուշտ տարբերություն մը չեմ դներ արևելյան և արևմտյան հայ գրականության մեջ, որովհետև լեզվի, ձևի, կրված ազդեցությանց ինչ ազդակներ ալ որ բնորշեն երկու հայ բաժանումներու գրականությունը, և սակայն ան կմնա հասարակաց կալված իր տիպարներով, զգացումներով, ձգտումներով, ցեղային հատկանիշներով: Երբ վերցած են բոլոր արգելքները իրեճանաչության՝ պետք է ռուսահայը և թրքահայը փոխադարձորեն ճանչնան իրենց լավագույն զավակները ու գիտնան զանոնք գնհատել միասին: Արդարև, ի՞նչ են Աբովյան մը, Դուրյան մը, Արծրունի մը, Եղիա մը, Պերպերյան մը, Լեո մը, Ահարոնյան մը, Շիրվանզադե մը, եթե ոչ Հայ հասարակաց ԵՍ-ին այլակերպ և ուժեղ արտահայտությունները, ու հետևաբար անոնց գործը, իբր հասարակաց հող, բաց պետք է ըլլա հանուր հայության համար, որուն վրա պիտի սնի հայ ազգային կյանքը լավագույն զավակներ ծնելու համար:

Ռւսահայ և թրքահայ մտավորականության փոխադարձ ծանոթացումը և անոնց գործերուն ուսումնասիրությունը երկկողմանի, բաղձացված թվական մըն է, որ այլևս հասած պետք է ըլլա՝ օգտվելու համար: