Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրը սիրած է ու մեռած, անողոք օրենքը միևնույն ճամփով կտանի զավակն ալ: Հայրը գինեմոլ էր դարձած, տղան ալ պիտի խմե: Հետո, չե՞ք տեսեր այդ հեգ արտիստին մեջ, մեր ցավատանջ ցեղին մեկ անըմբռնելի ձգտումը՝ արվեստի սերը: Դարավոր աներևակայելի հալածանքներու, զրկումներու, հարվածներու ենթարկված մեր տոհմը իր բոլոր հոգեկան անձևություններուն ապասերման մեջ մաքուր անկյուն մը ունի՝ արվեստի սերը: Այդ համաժողովրդական բնազդը դեպի գեղեցիկը հանկարծ կպայթի, հոս-հոն խուլ անկյուն մը, ու ահա դարերու ընթացքին ճարտարապետության զմայլելի նմուշներ. ահա գեղազարդված ձեռագիր աննման ավետարաններ, ահա նկարներ, ահա ժողովրդական խուլ զանգվածներե բխող վճիտ, զվարթ կամ ցավատանջ պարերգեր, երգեր: Ու ահա այս դարուն բույլ մը մեծ արվեստագետներ եվրոպական ոստաններուն մեջ: Լևոնը չէ՞ մին այն բյուրավոր տաղանդներեն, որոնք նյութական չգոյութենեն կփճանան կամ անոնցմե, որոնք հետին գավառներե կուգան կեդրոններ տարիներ գժնդակ պայմաններու տակ, մերկ, բոպիկ կպտտքին թատրոններու դռներու առջև՝ բան մը տեսնելու, կռահելու, գուշակելու համար: Լևոններ չե՞ն այն բազմաթիվ տղաքը, որոնք նույնիսկ բարեկեցիկ կամ հարուստ ըլլալով հանդերձ կլքեն ամեն բան, փճանալու համար արվեստին մեջ: Քանիներ ունեմ անոնցմե այս պահուս աչքիս առջև:

Գրեթե Շիրվանզադեի բոլոր վեպերուն շրջանը հայկական է: Հոս՝ ԱՐՏԻՍՏ-ին միջավայրը հայկական չէ, այլ կերպով մը միջազգայինը: Բացի Լևոնի մայրիկեն ու հեղինակեն՝ մյուսները իտալացի, ռուս, հրեա են: Պետք է ըսել, ի պատիվ հեղինակին, թե անոնցմե շատեր գեղեցկորեն ներկայացված են: Հետո արտիստին մեջ ինչ որ շատ հազվադեպորեն կտեսնվի ուրիշ տեղեր, հասարակ դասակարգի մեջ, ժողովրդական հետին խավերու կհպի Շիրվանզադեն: Հոս են Չաուշենկոն և Իցկո Մարգուլիսը, Լևոնի ընկերները՝ ճշմարիտ գավռոշներ, փողոցի ոգիներ: Ռուս Չաուշենկոն բանաստեղծ է հեղինակ «Վշտի ու տանջանքի ժամեր» գործին, իսկ Իցկոն երաժիշտ ըլլալ կուզե: Երկուքն ալ համակրելի, ինքնատիպ ու թշվառ: Կարծես թե հայը, ռուսը, հրեան, երեքն ալ տառապած բնութենեն, երեքն ալ զավակ դասակարգի մը, որ սահմանված է ոտնահարվելու, հոս կներկայացնեն թշվառության և իդեականության ներդաշնակությունը: Արվեստ ու թշվառություն, հակադրության ի՞նչ եզրեր պիտի ըսեն շատեր:

Ներկայացնենք Իցկո Մագուլիսը:

«Մեկն յուր հասակի Լևոնին պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ; Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը՝ դեղնագույն