Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քին համար աստված պատժած է զինք: Ինչպե՞ս բարի աստված մը կրնա ըսվիլ չարիք նախախնամողը:

Սոնայի ընտանիքը շատ աղքատ է, մայրը տունետուն կշրջե հաց եփելու համար, իսկ ընտանիքի հայրը, Ոսկան, արհեստով պայտար, գինով, թշվառական հացակատակ մըն է, որ մեռել կերազե «հոգու հաց» ուտելու համար: Ոսկանը ավանդություն մըն ալ ունի, որով կպարծի՝ իր անցյալը, և նույնիսկ իր հիմար, մակաբույծին ներկայի մեջ անիրավ արժանապատվության մը մեծախոսիկությունը կխառնե: Չունի պարծանքի որևէ աղբյուր ու համառորեն կպարծի: Անյս ընտանիք բարեկամ մը ունի սակայն՝ գիժ (խենթ) Դանիելն է, որ կսպառնա մանր տղոց նախ կտոր-կտոր անելով, հետո ուտելու հում-հում: Գաղտնիք մը Դանիելը կապած է Սոնային: Դանիել հաճախ կհանդիպի Սոնայի տունը ու զայն կանվանե «իմ Մանիշակս» Սոնա մեծ է ալ: Շուշան ուխտի պիտի տանի զայն:

Այդ ուխտագնացությունը ճակատագրական կըլլա Սոնայի համար: Բարեկեցիկ ընտանիքի մը զավակ՝ Մուրատ, կտեսնե Սոնան, կհավնի, կզարնըվի անոր ու հետը ամուսնանալ կուզե: Կամուսնանա: Սոնա ամուսնության մասին գաղափար չունի, նախ կտխրի, բայց հետզհետե վարժությունը կունենա այդ կյանքին ու հետո նույնիսկ կսկսի սիրել Մուրատը, ազնիվ այդ տղան: Սոնա հոս կհասկանա գիժ Դանիելի իրեն հանդեպ ունեցած սիրույն պատճառը: Դանիել հիմար մը եղած չէ միշտ: Ընտանիքի տեր, բարեկեցիկ ու պարկեշտ հայր մըն էր երբեմն: Նախ զավակ մը կորսնցուցած է, հետո կինը ջրամբար իյնալով՝ գանկն է ջախջախած, ի վերջո իրեն միակ հույսը, մխիթարությունը եղող պզտիկ աղյիկը, Մանիշակը, երկրաշարժի մը պահուն խորտակվող սյունի մը տակ կջախջախվի: Դանիել այն օրեն կձգե ամեն բան ու կդառնա փողոցներու շըրջուն ոգի մը հիմար: Սոնան Մանիշակին կնմանի:

Ամուսնությունը Սոնայի համար դժբախտությանց սկզբնավորությունն է: Սոնա կտառապի իր հիվանդությանը մտածումով: Անիկա կրնա կրկնվիլ ամենուն աչքին առջև, և բոլորին ալ անծանոթ է այդ չարաշուք ախտը: Մուրատ երջանիկ է Սոնայով: Իսկ Մուրատի մայրը, Զաթնիշանը, եղբոր կինը, Կյուլնազ, թշնամի են, ատեցող Սոնային: Աղքատի աղջիկ մը եկած է իրենց տունը: Կարծեցյալ ազնվականության ու սև աղքատության դարավոր կռիվ. արժանի՜ էր այդ մուրացիկի աղջիկը Մուրատին: Կյունլազ Սոնայի երջանկությանն ալ նախանձոտ է: Ու օր մը, ո՜վ անխիղճ եղելություն, Սոնայի հիվանդությունը կհայտնվի նոպայով մը, բոլորին առջև: Հա՜, լավ եկած է վրիժառության պահը աղքատի այս աղջկան դեմ: Դավադրությունները կսկսին: Մուրատ պետք է ձգե Սոնան: Այդպես կթելադրեն իրեն իր մայրը, եղբայրը և այլն: Մայրը