Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ գիտեք ինչու այդ թշվառականը հաշտ է գիտության հետ. որովհետև ան ավելի հեշտ, դյուրին կդարձնե շահը, կողոպուտը։ Ամեն իմացումե վեր է այս խառնվածքը։ Կեղծավոր է և բռնակալ, հավատք ունի և անհավատ է, ամեն բանի իբր թե անտարբեր է ու ամեն բան կլրտեսե, գիտե, միամիտ կերևա, բայց աղվեսներու դպրոցին տեսուչ կրնա ըլլալ, տատամսոտ կերևա, ու մարդերուն էն վճռականն է։ Բոլոր վատությանց, ստորաքարշ միտումներու հետ հաշտված իմաստասերն է այս մարդը։ Ամեն միջոց աղեկ է, հերիք է, որ շահ կա։ Գեղեցիկ տեսարանի մը մեջ, երբ Էլիզբարյանն աղջկան դարակեն թուղթերը գողնալու միջոցին խղճի դողով կբռնվի ու կտատամսի, այս մարդը շնական, ահավոր անտարբերությունով կքաջալերե զայն։ Հետո, երբ գողութենեն վերջ կրկին կտանջվի Անդրեաս՝ Սաղաթել կըսե. «Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը։ Դժվարն այսօր է,էգուց, հետո կմոռանաս կգնա»։ Ու երբ Էլիզբարովը կրկին կհարցնե. «Ւ՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնե նրան (Օթարյանին) թուղթերը հոր գողացած լինելը»։ Սաղաթելը կըսե. «Վկան ես չե՞մ, մարդ աստծո, ոչ տեսել եմ, ոչ՝ լսել»։ Էլիզբարով պիտի ուզեր, բնական է, այս պատուհասեն ազատիլ, բայց գործակատարը տիրած է անոր հոգիին, նույնիսկ կառաջնորդե զայն։ Անդրեաս զրկած, անիրաված է ուրիշներ, իսկ Սաղաթել իրմե կգողնա։ Այս մարդը շուկայիկ հայուն խորամանկ խառնվածքին համադրված մեկ կոթողն է։

Մարգարիտ այս բոլոր կեղտերուն մեջ մաքրությունն է պայծառ, սուտին դեմ ճշմարտությունը, կեղծիքին տգեղ դիմակին դեմ անկեղծ դիմագծությունը։ Ան մոր առաքինության և Օթարյանի տված իտեական դաստիարակության խառնուրդն է։ Քաոսի միջի Շուշանիկի քույրն է Մարգարիտ։ Ան կսիրե իր ծնողը, բայց կա ավելի բարձը սեր իր մեջ, ճշմարտության սերը, որուն պիտի զոհվի։

Բագրատը իր հոր և Սաղաթելի խառնուրդն է։ Սկեպտիկ, մարդկային զգացմունքներու հանդեպ, դրական գիտություններով գինովցած գործնական մարդ՝ շահագործել կուզե ամեն բան, ամեն գնով։ Ռոզալիան մեծապես հեռու է Մարգարիտեն իր խառնվածքով, իր ըմբռնումներով,իր կյանքով։ Բաովնյուի տիպար մը, որ իր խոսքերուն ֆրանսերենը կխառնե ու զգեստներու նորաձեությանց, պարահանդեսներու սիրտահարն է։ Գեշ է իր դերը «Պատվի համար»–ին մեջ՝ անով, որ ինք կիմացներ հորը Մարգարիտի սերը հանդեպ Օթարյանին։ Իսկ Սուրենը, թեև մսխող, ստահակ, բայց մաքուր ներքին մը ունի։ Անոր անզգաստ,