կին պարտության լուրն առնելուն՝ «Թող մեռնելը» արտաբերելով, ատիկա բնական մեկ հետևությունն էր նույն ատենի ռոմական պարզ, խիստ, նույնիսկ դաժան ընտանեկան կյանքին, որ հայրենիքին շահին մեջ կմոռնար ընտանեկան շահը, նույնիսկ ծնողական սերը։ Մեր արդի ընկերական դրության մեջ ի՞նչ բան կարդարացնե Սենիքերիմ Սահառունիին նոպաները, որոնցով իր ընտանեկան կյանքը կքայքայե։ Մնաց որ Արտաշեսի տիպարը մաքուր է, հստակ, անխաթար, անոր բարոյականը ժայռ մըն է, ան նույնիսկ իր հորը, մորը, քրոջը նախապաշարումներու վրա անգամ չի հարձակվիր… Հետո կարելի է, որ Արտաշես իր այդքան ողջամտության մեջ չի մտածե իր տառապող հայ եղբայրներուն վրա։ Եթե Հրանտը ըլլար Սենիքերիմի զավակը, ոչինչ կունենայի ըսելու, վատասերած մըն է, տեսակ մը հիմար մոլեռանդություն ունի՝ արդյունք լավ չի մարսված ընկերային, մեր մեջ նորամուտ սկզբունքներուն։
ԿՈՐԾԱՆՎԱԾԸ սահմանված է իր ինչ—ինչ ուժեղ տեսարաններով լավ տպավորություն ընելու, բայց անոր հիմը կամայական է։
***
Շիրվանզադեի գործերուն վերլուծությունը վերջացնելե հետո տեսնենք քանի մը մարդկային ընդհանուր զգացումներու դերը այդ գրականության մեջ, տեսնենք նաև տիրող մեկ երկու ընկերային խնդիրները, իր արվեստը, իր թերությունները։
Սերը Շիրվանզադեի գրականոլթյան միջուկը կկազմե։ Հեռու անոր բոլոր գործերուն մեջ երկրորդական դեր մը կատարելե. ան առանցքն է վիպական և թատերական գրեթե բոլոր իրադարձությանց։ Անով կկազմվին, կբարձրանան կամ դիտապաստ կիյնան Շիրվանզադեի գրականության հերոսները։ Ան որքան իր կազմության միջոցին աղոտ է, անսահմանելի, երևութապես թեթև տարր, նույնքան իր հետևություններուն մեջ վճռական է։ Ընդհանուր կերպով սիրո բազմազան երևույթները և անոր առաջացուցած բարդությունները հոգեկան և արտաքին աշխարհին մեջ խիստ լավ ուսումնասիրած է Շիրվանզադեն։ Ան սիրո շատ զորեղ ըմբռնումը ունի։ Ամեն տեղ սերը կներկայանա տարերային, չափված, խորհված, իմաստասիրական սերեր չիկան հոն։ Վայրկյանի մը կամ փոքր ժամանակամիջոցի մը մեջ կծնին, կուռճանան ու արագորեն ենթակաները կտանին իրենց վախճանին։
Սեռական փոխադարձ այս սիրո զգացումին քով, որ հաճախ կարելի է տարփական սեր անվանել, կա Շիրվանզադեի գրականության մեջ