Վախին մեջ խուճապը տարածվեցավ, մյուս այծերն իրենց ընկերոջ հետեվեցան ու ոչխարներն ալ:
Շվարած էի, կիսախավարին մեջ սև ու ճերմակ հերձանք մը կպտուտքեր, կենդանիները կհարվածեին զիրար, կընդոտնեին, կցատկեին համառ լռությամբ մը, զայրանա՞լ թե ծիծաղել:
Հովիվը հազիվ հանդարտեցուց այս վրդովված անասուններուն խիղճը՝ գավազանով զայն ի կարգ հրավիրելով. եթե գիտնայի՜ն, որ իրենց քով եղողն ալ հովիվ մըն է, որ իր կարգին ոչխարներ կհովվե... թերևս ավելի հարգալի ըլլային:
Տարիներե ի վեր զրկված եմ այս գեղջկական տպավորութենեն. օրս շատ լավ ավարտեցի:
Կսիրեմ խոտերուն, հարդին, կենդանական աղբին համաձուլ հոտը, որ գոմի մթնոլորտն է: Ատիիկա իմ գյուղիս, խեղճ ու լքված Սպեր, սաքուները կհիշեցնե, ուր մեր մանկության ձմեռ գիշերներն, օջախին ճարճատուն կրակին դեմ, մամիկներու առասպելին սարսափովը կլցվեինք, կամ մխացող անոսր լույսին սահմանեն անդին աշուղի մը վեպեն վառված, մեր երևակայությունը կտեսներ ճերմակ, կարմիր, սև նժույգներն իրենց ոսկեսար թամբերով, անոնց վրա աշտանակող շեկ, հրաշվի և կարմրազգեստ դյուցազուններուն հեր:
Վեհարան ելած միջոցիս Շուշանին հանդիպեցա, ժպտեցավ ինձի...
Աղվո՜ր աղջիկ, որքա՜ն պիտի ուզեի իրեն նման կին մը ունենալ... եթե աշխարհական ըլլայի:
է
Դեկտեմբեր...
Գիշերը խույս քաշվեցա. Նարեկեն հատվացներ կկարդամ:
Այլուր երբեք այսքան ըմբռնելի և վսեմ երևցած չէր ինձի այդ աստվածային գործը: Հիմա կհասկնամ Նարեկի ճգնարանին արժեքը: Մարդկային ձեռքերե դիտմամբ դուրս նետված մենավոր և կորսված կետի մը վրա է, որ հոգին կրնա գտնել անաշխարհիկ մտածումը ու երկնային ներշնչման անձնատուր կըլլա:
Կյանքի ձևերեն զուրկ այս մենարանը՝գիշերներու անսփոփ խավարին մեջ, ձյունի գթությանն ու հողմերու պահպանությանը հանձնված, սրտիս մեջ կարթնեցնե երկյուղածության կայծը, ու խռովելե հետո հոգիս՝ անոր վրա սպեղանիներու նման կծավալե իրերու իդեական և անշահախնդիր վայելումը: