կխեղդե բարի ժպիտը արթնացնելով խոհանքի և տրտմության ընդունակությունը, մինչ եսը անհունորեն կընդլյանի սնունդի նյութ գտնելով միայն ինքզինքը: Մեր բոլոր գուրգուրանքը, մայրական կամ քրոջ մը ապտակին հաճույքը չեն կրնար տալ:
—Պարոն Ալեքսանդր, —ըսի, — թերևս ճշմարիտ են ձեր դիտողությունները, բայց առանց այս վանքերուն ի՞նչ վիճակի մեջ պիտի իյնային բյուրավոր որբերը, բոլոր Հայաստան դիակնարան մըն է, իսկ մեր երկրին ցուրտը գիտես, ի՞նչ պիտի ընեին այս մերկ տղաքը...
—Թերևս ավելի աղեկ ըլլային...քանի մը տարիեն ամեն բան կանհետի... մեր ժողովուրդը չի մեռնիր, վարդապետ...
Առաջին անգամն է, որ վարդապետ բառը կգործածեր. դժգոություն մը զգացի. վարժության հետևանք է, մտերմացանք Ալեքսանդրին հետ, և մտերմության մեջ ներելի են ասանկ ազաություններ, պայմանով, որ հանրության մեջ երևան չիգան:
Ալեքսանդրը կըսե, թե որբերը զոհ պիտի ըլլան վանական ցամաք կյանքին, իրավացի է. մի՞թե ես ալ անոր չեմ:
Կհիշեմ շփոթությունս ու ձախավերությունս, երբ առաջին անգամ Պոլիս գացի. մինչև այսօր ալ նույն անվարժությունը ունիմ, մարդոց ներկայությունը կամչցնե զիս, և սուրճ առնելու գործը հոգ մըն է ինձի համար:
Այսպես խորհելով անցա ձյունածածկ բակեն, ուր տատրակներու հևքը կտիրեր միշտ և որ հեզորեն ու մեծափաթիլ իյնող ձյունեն կասած էր:
Գոմը իջա. առաջին անգամ է, որ կայցելեի վանքին անասուներուն. և հանդիսավոր բան մը եղավ ատիկա ինձ համար, կարծես թանգարան կերթայի. առույգ, սակայն տգեղ հովիվ մը զիս ներս հրեց ցածուկ դռնեն, երեսս տաքությամբ ծածկվեցավ, այդ ջերմին մթնոլորտը զգալի, շոշափելի, իրական էր կարծես, զայն դիմակի մը նման կկրեի դեմքիս վրա: Կիսախավարին մեջ կենդանիները հազիվ նշմարեցի. տապալած և հանդարտորեն որոճացող քանի մը գոմեշ զվարթացուցին զիս, որովհետև հիշևցի վանահոր մասին ըրած գյուտս. եզները կանգնած էին, իրեն լեզուն մարագի ոսկեգույն հարդին մեջ կնետեին անընդհատ ու լայն ռունգերնեն ելլող առատ շունչը խուճապի կմատներ դարմանը. անոնց քով էին կաթնատու, նիհար և սև կովերը, անոնց տամուկ դունչը ձեռներս հոտոտեցին: Ոչխարներու փարախը փայտորով մը զատված է, հոն անցա. ձեռքերս մխրճելով անոնց կակուղ բուրդին մեջ շոյեցի գլուխնին. ոչխարները մելամաղձոտ երևացած են ինձի, մտամոլոր իմաստուններու կնմանին ու անոնց նման ալ ծիծաղելի են: Ուզեցի այծ մըն ալ չի ղրկել շոյանքես, սակայն հանկարծ ուստում մը ըրավ, ու ահա բոլոր փա