փոխադրվիլ պետք է՝ եղելության ներկա ըլլալու համար։ Նույն ատեն կղզվույն մենաստանին մեջ կապրին Վանահայրը, Աբեղան, Կույրը, նաև կարդ մը միաբաններ՝ աղոթքի և ինքնազրկման մեջ՝ արհամարհելով կյանքը, որ ծովակեն անգին կվարեն մարդկային զանգվածները։ Վանքը մոտ օրեն պիտի ունենա իր հոյաշեն եկեղեցին՝ արդյունք իշխանուհվո մը երկյուղած նվիրվածության և վանահոր տեսլապաշտ խանդին։ Իշխանուհին կբնակի լճակին հանդիպակաց եզրը։
Պատահար մը կխռովե վանքին խաղաղ մթնոլորտը և վճռական կլլա Աբեղային համար։ Իշխանուհվույն իշխան եղբայրը և անոր աղջիկը, Սեդան, լաստով մը վանք կուգան նորաշեն ժամը տեսնելու։ Բայց շղթայազերծ մրրիկ մը ծովը կոգևորե, ալիքները տաշեղի մը նման լաստը կպտտցնեն ու Սեդան կխլեն։ Աբեղան, որ լաստին մեջ է, կնետվի մրրկածուփ ալյաց մեջ ու կաղատե զարմուհին…
Հոս եղերերգությունը կսկսի։ Աբեղան՝ վանահոր մտածմանց և անշահախնդիր ներշնչումներուն նեցուկը, ընկերը, ճակատագրական սիրո մը մեջ կիյնա։ Զգացումներու հակադրութենեն կտառապի ան, բայց չի կրնար Սեդային վրա սևեռելե դարդիլ, ընդհակառակն աշխարհիկ սիրո տեսիլներով կխելացնորի ու իր թշվառ սերը կուռճանա։ Նախ Սեդան կտեսնե անպաճույճ, գեղանի, հերարձակ, հետո կղզվույն վրա պտույտի մը միջոցին հեթանոսության հին ոգիները, պարիկները, միգանուշները կշրջապատեն զինք, կխոսին իր հետ. հրապուրիչ են և շնորհագեղ… Երբ անոնցմե կազատի, ահա կտեսնե վաղեմի և ծերունի ճգնավոր մը՝ մթին փոսի մը եզրը կանգնած...
Աբեղային մտամոլոր վիճակը չի վրիպեր զինք շրջապաաողներեն. Կույրը լավ կհասկնա իրադարձությունը, վանահայրը զարմացում ունի միայն…
Վերջին փորձության տեսիլն է աս։ Աբեղան մատուռի մեջ կաղոթե. հանկարծ անպարտելիորեն շլացոլցիչ լույսեր կծաթին. հեթանոսական վաղեմի, շենշող, հրճվական խնջույքն է ի պատիվ Վահագնին, Աստղիկին։ Կուգան մարտիկները արշավանքե մը հաղթական. կուգան կիներ շքեղ, կենսառույգ, փոքրիկ ավազաններու մեջեն ոսկյա թասերով կըմպեն բոսոր գինին, մինչ անոթներու հնչական ծիծաղը երդերու կընդխառնի։ Կյանքի տոնն է ատ, պայքարինը անդուլ, անողոք պայքարինը հաղթության և հետնաբար՝ վայելքին։ Աբեղան կուզե մասնակցիլ անոր. կմերժվի, բայց ոսոխումե մը հետո կբազմի կոչնակներուն մեջ։ Կմարի հանկարծ այս շքեղանքը. խորանին առաջ, գետնաթավալ և զգայազիրկ Աբեղան կփոխադրեն սենյակ։ Ալ վճռված է, Աբեղան չի կրնար տոկալ այս մենաթյան և երաշտի վայրերուն մեջ հառնող անսուրբ, սակայն քաղցր սիրո հազար