և կրոնական կյանքեն դուրս խնդիր մը կհուզվի: Վանահոր կործանեք ուզած եկեղեցին պարտված ճշմարտության մը ուրվանկարն է: Դարերու ընթացքին անկաշկանդ գիտական միտքը ի խույզ կելլե ճշմարտությանց, կկարծե երբեմն գտած ըլլալ զանոնք, բայց իր երջանկությունը կարճատև ըլլա, որովհետև կզգացվի շուտով անոնց շաղփաղփուն էությունը: Ու ահա նորեն նույն աշխատությունը, նույն տքնությունը գերագույն ճշմարտությանց, ատով ամեն մտքիմարդ իր եկեղեցիները կքայքայե և կշինե. այսպես կընթանա կյանքը հարատև:
Վանահայրը քայքայեց իր եկեղեցին, որովհետև ան իր անպարտելիորեն իտեալիսթ, տեսլական հոգվույն գոհացում մը չէր կրնար տալ՝ ունենալով իր մեջ զգացման հզոր երակ մը, իշխանավույն սիրո բաժինը… Կործանելով այնքան ջանքով շինված եկեղեցին՝ Վանահայրը պարտված մը չէ…
Իսկ Աբեղան՝ անիկա մարդկային մեծագույն զանգվածները վարող բնազդներուն, զգացմանց խորհրդանշանն է: Արդարև, մեր մեջ տակավին կտիրապետե Logigue allective (բնազդային տրամաբանություն), ինչպես պիտի ըսեր Կյուսթավ Լը Պոն, մինչ Logigue ratiorelle-ը (բանականությունը) տկար է մեծապես: Ավելի զգացումներով կապրինք, կգործենք, կուղղենք մեր համակրանաց, հրճվանքի և տխրական վիճակներու քայլերը, քան վերլուծական մտածմամբ: Շատ անգամ, երբ մտածումը կթելադրե մեզի ուղիղ ճամբան, բանական ուղին, ու մենք կհուսանք, կորոշենք հետևել իրեն,հանկարծ բուռն ոստումով մը զգացման կոհակը կժակթքի, կանգոստնե բանականության ձայնը, կխեղդե զայն ու կվարե մեզ, ինչպես մրրիկը շյուղը մը …
Թերևս այդ անբացատրելի զգացումները հնավուրց մարդ-անասունեն մեղ անցած առահավական բնազդներեն են, զորս բյուրավոր դարերու բարեշրջությունն իսկ չի հաջողած գիտակցության կայծով լուսավորել...
Ուրեմն մանուկ մըն է մտածումը, մինչ տակավին թիկնեղ և ջլապինդ հսկա մը՝ զգացումը: Երկուքն ալ, սակայն, մանուկը և հսկան, անպարտելի են: Այսպես ալ ներկայացուցած է հեղինակը:
Ու իրավ «Հին աստվածները» տարբեր լուծում չի տար: Մինչ Աբեղան ծովուն կհանձնե ինքզինք, որովհետև <<ծովը սիրտն է բնության>>, այսինքն զգացման աշխարհը, անոր պես արտաքին տարերու ազդեցության տակ կատղող, մռնչող, ողոքող, շողոքորթ, անդին Վանահայրը նորեն քակել կորոշե Եկեղեցին:
Կտեսնվի որ, կկրկնեմ, պարտվող չիկա: Կյանքն է անկաշկանդ և լուսավոր մտածմամբ, կյանքը բեռնավոր՝ մթին, առեղծվածային զգացումներով, որ կհավիտենանա, և մարդ այդ երկու զգացումներուն մեջ կտվայտի, կհրճվի ու իր վախճանին կդիմե: