Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործողները կղերականներ են, բայց ամեն ինչ խորհրդանշան է հոն, խորհրդանշան՝ Վանահայրը, Աբեղան, Կույրը, նորաշեն Եկեղեցին, Ծովը։

Վանահայրն անշահախնդիր վերլուծման և եսամերժ մտածման նվիրված մարդկությունն է կամ և որ նույնն է՝ միտքը, որ կուզի ազատիլ մեզ ապականող, կաշկանդող զգացումներեն, բարձրանալ բնազդներեն, որոնց ստրուկ գերեվարներն են՝ մարդը, համայնքները և ազգերը։ Ու Վանհայրը կըսե Աբեղային. «Դուն նայե երկինք, որդի, երկինքը միտքն է բնության. խոր ու խաղաղ»։

Հրաշալի չէ՞ ատիկա, այո՛, երկինքը իր հազար բյուր լուսավորներով, մոլորակներով արեգակնային դրության մաթեմատիկական ճշտությամբ ոլորվող շարժումներով այնքան լավ կրնա բարձրագույն և անխարդախ ճշմարտության տենչացող միտքը բնորոշել։

Հետո վսեմ և վճռական րոպեի մը մեջ լսեցեք Վանահայրը կրկին, երբ իր ստորադասներուն երեսը կնետե.

«Դո՞ւք հոս իմ շուրջս, ես … հոս կեցած ձեր մեջը... ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած (ժպտուն) Միաբանությո՜ւն, ի՞նչ միություն ձեր և իմ մեջ... (աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես։ Ինչպես է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի։ Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք գալ մենք միասին։ Մինչև հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել մարդը, բայց հոսկե անդին ... Հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա։ Ճշմարիտը դուք եք։ Այդ եկեղեցին պետք է, որ նա մնա, ան է ձեր եկեղեցին գնցեք ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե բոլոր սատանաներեն, ան ձեզի հացն ալ կուտա ու ձեր հանգիստը, գացեք, գացեք ներս, ու խաղաղություն թող ըլլա ձեզի հետ։ Իսկ իմ փնտրածս ատիկա չէ. իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը, ներքին անվերջ նվաճումները բարձունքե բարձունք, պարիսպե պարիսպ, տարակույսներու անդունդներու վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի վերինը, տաժանակիր աշխատանք մը դեպի ճշմարտությունը։ Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ իմ եկեղեցին, ես ալ, բայց այս անգամը ես, միայն ես. և կերտվածք մը, որ վայել ըլլա իմ աստծուս բնակությանը, որու կամարներու տակ իմ խնկելիք աղոթքին ոչ մեկ բառը կեղծ չէ հնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չի հնչեր»։

Ի՞նչ կնշանակեն աս խոսքերը, անոնք հարակցություն ունի՞ն սովորական կրոնի մը խնդիրներուն հետ, և ի՞նչ է այդ անդուլ, անկաշկանդ ներքին որոնումը ճշմարտության, կրոնի արդեն իսկ հայտնագործված է անմերժելի ճշմարտությանց մեջ խո՞ւյզ մը։ Ո չ, կտեսնվի թե վանական