Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեզուներու զարգացման օրենքը ծանոթ է ձեզի. երկրի մը մեջ բազմաթիվ գավառաբարբառներեն մին կուգա օր մը, երբ կսկսի տիրապետել մյուսներուն վրա և ի վերջո դառնալ տեսակ մը պաշտոնական լեզու: Ասանկ եղավ Ֆրանսիայի մեջ Իլ տը Ֆրանսի լեզվին համար, այսպես Գերմանիո մեջ Հարավային գերմաներենի համար, այսպես ուրիշ երկիրներու, այսպես և հին հայերենին ու նոր հայերենի համար: Ինչո՞ւ բարբառի մը այս գերակշռությունը ուրիշ ցեղակից բարբառներուն վրա, որովհետև առաջինը իր մեջ կպարունակե մյուսներեն ավելի բան մը, և իր կազմությունը կատարելության ավելի հարմար է: Մենք քաղաքական դժբախտ բաժանմամբ ունեցանք արևելյան և արևմտյան աշխարհաբարը. գրող մը պարտի ընտրել լավագույնը կամ գոնե իր նախընտրածը: Շանթ ոչ մին ընտրած է և ոչ ալ՝ մյուսը. երկուքը իրարու խառնելու ճիգ մը անի ան, և ոչ միայն այդ, հապաև կփոխե խոնարհման ձևեր, որովհետև գավառներու մեջ տեղ-տեղ այդ ձևով կարտահայտվին:

Եթե, տիկնայք և տիարք, ամեն գրող ըստ կամս նորօրինակ բան մը մտցներ լեզվին մեջ, ի՜նչ պիտի ըլլար այն ատեն մեր խեղճ հայերենը: Մենք կտառապինք լեզվական միօրինակության մը պետքեն, ու ահա Շանթը կստեղծե, այո, յուրահատուկ, բայց անօրինակ լեզու մը, որ խնամված է. թերևս, բայց մյուս թերիներեն զատ սառն ու նախնական հոտ մըն ալ ունի. ինձ այնպես կթվի, թե տրամաթիք լեզվի թերություն մ՝ ալ կա այս գործին մեջ. լեզուն ոգվույն ճշմարիտ հագուստը չէ, թռիչքը փոքր է, ավելի անիկա քնարական է, քան՝ ողբերգական, և արդեն Շանթը միշտ մեղմ հոգի մը եղած է՝ հավվերգությամբ մը ինկած է գրական հողին վրա: Աբեղան իր մռայլ սիրույն մեջ և հիմարական «լինելու, թե չլինելու» նոպաներուն ատեն, ուր Համլեթը պիտի հիշեցներ՝ անթռիչ լեզու մը ունի. Վանահոր խոսքն ալ տարիներով մենության և խոհանքի լեղին ըմպած մարգարեական կոչը չէ, ինչպես է, օրինակի համար, Ուայլտի Յոքանտանին շաչող պատգամը կամ «Թայիսի» Պաիմոսին գերերկրային քարոզությունը, իսկ իշխանուհին ռամիկի մը պես կխոսի. ո՞ւր տեսնվեր է ազնվական տոհմե կին մը, որ ինքզինքին համար ըսեր.«Ես պառավ կնիկ մըն եմ» ասիկա գռհիկ է:

Վերջացնելու համար, տիկնայք և տիարք, մեկ կողմ առնելով մեկ-երկու ավելորդ մասեր՝ առաջին տեսարանին սկզբի մասը և վերջիներեն մին, մեկ կողմ դնելով իշխանուհվույն տիպարը, իբր տկար արտահայտություն, նաև լեզվական թերին, իմ ըմբռնումով, Շանթի գործն աննախընթաց է մեր մեջ իբր symbotigue գործ, արգավանդ է մտածումներով. լավ դաշնավորված բեմական պատկերներու համադրությամբ: «Հին աստվածները» պատվաբեր է հայ գրականության և հեղինակին: